«Մուսա լեռան քառասուն օրը» վեպի 90-ամյակին նվիրված գիտաժողովը նոր լույս կսփռի պատմական իրողությունների վրա
Ավստրիացի գրող և մարդասեր Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, որը պատմում է 1915 թվականին թուրքական ջարդարարների դեմ Կիլիկիայի սահմանակից Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարի մասին, այս տարի նշում է հրատարակման 90-ամյակը։
Վեպի հոբելյանը Երևանում նշանավորվեց ստեղծագործությանը նվիրված միջազգային երկօրյա գիտաժողովի անցկացմամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գիտաժողովի մեկնարկը տրվեց սեպտեմբերի 19-ին Երևանի պետական համալսարանում։
ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանն ընդգծեց՝ Ֆրանց Վերֆելը հայտնի էր իր պացեֆիստական համոզմունքներով և հակամիլիտարիստական դիրքորոշումներով, ինչի համար 1912-ին բանտարկվել է։ «Հայոց ցեղասպանության միջազգային ընկալման և լուսաբանման հարցում Վերֆելը և նրա վեպն ունեցել են իսկապես մեծ ազդեցություն։ Եթե 1915 թվականի ջարդերը նկարագրելիս բազմաթիվ հեղինակներ և հետազոտողներ ներկայացնում էին թուրքական բարբարոսության զոհ դարձած մարդկանց ճակատագրերը, ապա Վերֆելը որոշում է ներկայացնել 1915 թվականի ցեղասպանության հերոսական ինքնապաշտպանության մի դրվագ՝ դրանով շեշտադրելով հերոսական պայքարի ուժը, արժեքն ու նշանակությունը»,-ասաց նա։
Անդրադառնալով ցեղասպանության հետևանքներին՝ պրոռեկտորը շեշտեց՝ քիչ չեն հետազոտությունները, որ վկայում են՝ ցեղասպանությունը հայ ժողովրդի մոտ ի հայտ է բերել զանգվածային վնասվածք։ Ասրիյանի խոսքով՝ նման հետազոտություններ արվել են Արևմուտքում, արվում են նաև Հայաստանում, սակայն դրանք բավարար չեն, և ցեղասպանության հոգեբանական հետազոտությունները հատուկենտ են։ Նա հույս ունի, որ գիտաժողովը նաև նման հետազոտությունների վերաբերյալ նոր քննարկումների հարթակ կդառնա։
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ԵՊՀ-ի Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանն էլ ընդգծեց՝ գիտաժողովն անցկացվում է «Հայերի ցեղասպանությունը. անցյալի և ներկայի ներհայեցումներ» խորագրով։ «Պատմության այդ էջերն անհնար է և պետք չէ ջնջել մարդկության հիշողությունից, քանի որ միայն մեր ավանդույթների վրա խարսխվելով ենք կարող առաջ նայել, նորը ստեղծել, մեր սխալներն ուղղել, առաջադիմել։ Խորագիրը շատ կարևոր է ու մտածված, քանի որ այն ցեղասպան քաղաքականությունը, որ ավելի քան հարյուր տարի առաջ որդեգրել էր Օսմանյան կայսրությունը, որ մեր ամբողջ պատմության ընթացքում հետապնդում էր մեզ, այսօր էլ շարունակվում է թուրք-ադրբեջանական տանդեմով։ Մեր աչքի առաջ մենք զրկվեցինք Արցախից, արցախցին զրկվեց իր երկրից, որտեղ դարերով ապրել ու արարել է։ Այսօր էլ հայ ժողովրդի անվտանգության խնդիրը շարունակում է արդիական մնալ, և դա էր պատճառը, որ ընտրվեց նման խորագիր»,-նշեց Գասպարյանը։
Նա հույս ունի, որ գիտաժողովի ընթացքում բարձրաձայնվող հարցերը կարող են նոր լույս սփռել լուծումների վրա։
Կալիֆորնիայի նահանգային համալսարանի Նորթրիջի Հայկական ուսուցման ծրագրի տնօրեն, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Շեմմասսեանը նախորդ ամառ վեց շաբաթով եղել է Հայաստանում և առաջին անգամ այցելել Երևանի պետական համալսարան ու ծանոթացել դասախոսների հետ։ Նա նրանց հիշեցրել է, որ շուտով լրանալու է Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հրատարակման 90-ամյակն ու առաջարկել այդ առիթով համատեղ գիտաժողով կազմակերպել։ «Ինձ ասացին, որ դա հնարավոր է։ Վերադարձա Լոս Անջելես, որտեղ ապրում և դասախոսում եմ։ Անցան ամիսներ, և լուր չկար։ Վերջապես ինձ հաղորդեցին, որ պատրաստ են նման գիտաժողով կազմակերպել, ինչի համար շատ ուրախ եմ»,-պատմեց Շեմմասսեանը՝ վստահություն հայտնելով, որ այն կծառայի իր նպատակին։
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը գիտաժողովին մեծ նշանակություն է տալիս և հիշեցնում, որ 1915 թվականի գեհենից հետո մոռացումի, ուրացումի, անկումի տարիներ են եղել։ «Այդ ժամանակ ոչ ոք չէր խոսում Շապին Գարահիսարի, Մուսա լեռան, Վանի ինքնապաշտպանության մասին, որովհետև վերքը շատ թարմ էր, շատ խորն էր։ Ֆրանց Վերֆելի նման մարդիկ նոր խոսք բերեցին այս հարցում։ Նրանք ոչ միայն Հայոց ցեղասպանության խնդիրը դարձրին աշխարհի սեփականությունը իմացության առումով, այլև հիշեցրին, որ հայ ժողովուրդն ուղղակի չի մորթվել, այլև ընդվզել է, կռվել է։ Ցեղասպանությունը, հայրենազրկումն ու ինքնապաշտպանությունը մեկ շղթայով ներկայացան Ֆրանց Վերֆելի շնորհիվ։ Այն, ինչ տեղի ունեցավ մեր ժողովրդի հետ 2020 և 2023 թվականներին, ցեղասպանության կրկնություն էր։ Շատ է ասվում՝ մենք դասեր քաղե՞լ ենք, թե՞ ոչ։ Այո՛, քաղել ենք։ Մենք SOS էինք հնչեցնում աշխարհով մեկ, բայց մեզ լսող չկար, ինչպես չկար Առաջին աշխարհամարտի տարիներին։ 21-րդ դարում ևս մեր ձայնը լսելի չէր։ Խոսում էինք այն մասին, որ մենք նախացեղասպանական վիճակում ենք, ինչպես Առաջին աշխարհամարտի նախօրեին, այնպես էլ 2020-ի, 2022-ի, 2023-ի նախօրեին։ 2023-ի սեպտեմբերի 19-ին այդ ողբերգությունն ամբողջացավ, և մենք նաև հայրենազրկվեցինք։ Շատերը շարունակում են խոսել այն մասին, որ մենք հեզ, հնազանդ, ինչպես 1915-ին, կոտորվեցինք ու լքեցինք մեր հայրենիքը՝ հեշտությամբ ցեղասպանվելով ու հայրենազրկվելով։ Ո՛չ, 2023-ի սեպտեմբերի 19-ին մեկօրյա մարտերում հայ ժողովուրդը հերոսաբար կռվեց Արցախում՝ ամփոփված, մեկուսացած, բայց կռվեց։ Այսօր մեզանում չկան Ֆրանց Վերֆելներ, որ գրի առնեն այդ ամենը։ Մեզ Վերֆելներ, Արմին Վեգներներ են հարկավոր։ Ուրախալի է, որ գիտաժողովին մասնակցում են օտարներ, որոնք պետք է շարունակեն մեզ հետ միասին SOS հնչեցնել և ասել, որ այսօր էլ Հայաստանը շարունակում է մնալ նախացեղասպանական իրավիճակում, ցավալիորեն աշխարհը շարունակում է մնալ լուռ»,-եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։
Գիտաժողովին մասնակցում են գիտնականներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Արգենտինայից, Ավստրալիայից, Բրազիլիայից, Լիբանանից և Կանադայից։
Նրանց զեկույցների ուշադրության կենտրոնում են «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի պատմաքաղաքական և գրական նշանակությունը, Ֆրանց Վերֆելի հայանպաստ գործունեությունը, ինչպես նաև պատմության տարբեր շրջափուլերում հայերի հանդեպ հետևողականորեն իրականացված թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունն ու դրա դրսևորումները։
«Գիտաժողովի նպատակն է վեր հանել այն հրամայականը, որ չդատապարտված ցեղասպանությունները ծնում են նոր ոճրագործություններ, որի դրսևորումն աշխարհը տարիներ առաջ տեսավ Մերձավոր Արևելքում, Հյուսիսարևելյան Աֆրիկայում, ապա նաև բռնազավթված Արցախում ահաբեկչական խմբավորումների ներգրավվածությամբ։ Գիտաժողովի նպատակն է ևս մեկ հարթակ ձևավորել ընդդեմ ցեղասպանությունների, քանի որ աշխարհում դեռ կան երկրներ, որոնք ոչ միայն ցեղասպանություններ են իրագործում, այլև ցեղասպանություն են արտահանում՝ հովանավորելով վերոնշյալ խմբավորումներին, և դրա արձագանքները դեռ լսելի են մեր տարածաշրջանում»,-ասվում է գիտաժողովի հաղորդագրության տեքստում։
Միջազգային գիտաժողովը նախաձեռնել են ԵՊՀ-ն, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը Կալիֆորնիայի նահանգային համալսարանի Նորթրիջի հայկական ուսումնասիրությունների ծրագրի (ԱՄՆ) և Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի (Լեփսիուսհաուս, Գերմանիա) հետ համագործակցության շրջանակում։
Գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի բազային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1200226?fbclid=IwY2xjawFY8htleHRuA2FlbQIxMAABHYEPFNaiPmDajP2ABeeAFNW2AHaWJkkBb5rZmz8Blqe1XPyN5O15G_dADQ_aem_lRNwltHtD4RTmvDIS8HgYg