երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Մշտադիրտարկման այցեր Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի շարք  հուշարձաններ

Մշտադիրտարկման այցեր Արագածոտնի և Արմավիրի մարզերի մի շարք հուշարձաններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով վերականգնման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, Փարպիի Ծիրանավոր, Բյուրականի Սբ Հովհաննես և Արմավիրի մարզի Թարգմանչաց եկեղեցիներում: Կատարվող աշխատանքների վերահսկողության նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են  նշված տարածքներ։

«Ագարակ» պատմամշակութային արգելոցում շարունակվում են վաղբրոնզեդարյան կացարանների ամրակայման և նորոգման աշխատանքները, սկսվել են նաև ծածկի կառուցման աշխատանքները։

Փարպիի Ծիրանավոր եկեղեցում մեկնարկում են տարածքի բարեկարգման աշխատանքները։ Արմավիրի մարզի Թարգմանչաց եկեղեցում շարունակվում են պատերի ներարկման և թմբուկի վերականգնման աշխատանքները։ Բյուրականի Սբ Հովհաննես եկեղեցու պարսպապատի նորոգման աշխատանքները նույնպես սկսվել են: Մասնագետները քննարկել են վթարային պատի վերականգնման համար անհրաժեշտ քարի ընտրության հարցը:

Վերականգնող կապալառու կազմակերպությունների, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող մասնագետների հետ տեղում քննարկվել է աշխատանքի ընթացքը, ներկայացվել են մասնագիտական դիտողություններ։

Նշված աշխատանքները նախատեսվում է ավարտել 2025 թվականին։

  • Կիսվել: