Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը
Կյանքից հեռացելէ ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։
«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը:
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Գ. Մանուկյանի հարազատներին և գործընկերներին»,- ասվում է Հայաստանի թատերական գործիչների միության տարածած հաղորդագրությունում։
Գուժ Մանուկյանը ծնվել է 1937 թվականի մայիսի 6-ին Լենինականում։ 1958-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1958-1959 թվականներին՝ Կապանի դրամատիկական, 1959-1967 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1967-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնների դերասան է եղել։
Կերտած լավագույն կերպարներից են՝ Միտրոֆան (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարո («Անուշ», ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտր (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմ (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլի (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշև (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծ (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը», ՀՀ պետական մրցանակ՝ 1981), Ալֆրեդ (Բեռնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը»)։
Կինոյում նկարահանվել է 1964-ից։ Դերերից են՝ Մարսելին («Սգավոր ձյունը», ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան, հեռուստատեսային կինոնկար), Արմեն («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան), Գայ («Մեռիր ձիու վրա», ռեժիսոր՝ Գրիգոր Մռլիք-Ավագյան)։
Գուժ Մանուկյանի դերակատարումներին բնորոշ են հոգեբանական խնդիրների պարզ, համոզիչ լուծումները։