Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր ցավով տեղեկացնում է, որ 66 տարեկանում կյանքից հեռացել է վերականգնող ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու, դոցենտ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։
Արտակ Ղուլյանը մեծ ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունում և՛ որպես վերականգնող ճարտարապետ ու գիտնական, և՛ որպես նոր շենքերի նախագծող ճարտարապետ։ Արտակ Ղուլյանը 1981 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ճարտարապետության բաժինը, 2006 թ․՝ ԵՐՃՇՊՀ դոկտորանտուրան։ 1981-1988 թթ․ աշխատել է ԵրՊԻ ճարտարապետության ֆակուլտետում՝ միաժամանակ դասավանդելով ճարտարապետական նախագծման հիմունքներ առարկան։
ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետությանն բաժնի գիտական աշխատակից էր։ 1991-1994 թթ․ ՀՀ հուշարձանների պահպանության վարչության գիտաարտադրական աչվեստանոցի միջնադարի բաժնի վարիչն էր։
Դասավանդում էր Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության տեսության, պատմության և հուշարձանների վերականգնման ամբիոնում։
Արտակ Ղուլյանի նախագծերով վերականգնվել են Կոտայքի մարզի Ձագավանք եկեղեցին, Առինջի մատուռը, նա կազմել է Նուռնուսի եկեղեցու, Երևանի մոնղոլական դամբարանի վերականգնման նախագծերը, մասնակցել է Մաքրավանք վանական համալիրի վերականգնման աշխատանքներին և այլն։ Արտակ Ղուլյանը մի շարք գիտական հոդվածների հեղինակ է։
Նրա նախագծերով ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում կառուցվել են նոր եկեղեցիներ։
ԿԳՄՍ նախարարությունն իր զորակցությունն է հայտնում Արտակ Ղուլյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին: