հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
ԿԳՄՍ փոխնախարարն ավարտական վկայականներ է հանձնել «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի մասնակիցներին

ԿԳՄՍ փոխնախարարն ավարտական վկայականներ է հանձնել «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Ծրագիրն իրականացնում է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գործընկերությամբ:

 ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ երկու ամիս առաջ ծրագրի մեկնարկի կապակցությամբ հանդիպմանը մասնակիցները ներկայացրել են իրենց ակնկալիքները:

«Այսօր արդեն ծրագրի ավարտին հետաքրքրական է լսել ձեր կարծիքները, դիտարկումները և առաջարկությունները կինոնախագծի արդյունքում ստացած հմտությունների, կարողությունների և փորձի վերաբերյալ: Հետաքրքիր է՝ ծրագրի մասնակիցները ինչպես են պատկերացնում այստեղ ձեռքբերված փորձի հետագա զարգացումն ու կիրառումը կինոարտադրության ասպարեզում»,- դիմելով ներկաներին՝ ասել է Դանիել Դանիելյանը: 

Ծրագրի մասնակիցները հանգամանորեն կիսվել են իրենց կարծիքներով և նշել, որ այն հրաշալի հնարավորություն էր ծանոթանալու կինոարտադրության ոլորտին, ձեռք բերելու մասնագիտական կողմնորոշում, գիտելիքներ, հմտություններ, ընկերներ, ինչպես նաև սովորել՝ աշխատել և ստեղծագործել թիմային համախմբվածությամբ:

«Կինոն ամենամեծ տարածում ունեցող արվեստներից է. այն կրթելու, անվերջ սովորելու, միջավայր ու վարքագիծ  ձևավորելու, մեծ ազդեցություն ունեցող արվեստ է: Անչափ կարևոր է, որ այս ծրագիրը հնարավորություն է տվել ձեռք բերել կինոարտադրության գիտելիքներ՝ նպաստելով մասնագիտական կողմնորոշմանը:  Շնորհավորում եմ բոլորիդ ծրագրի բարեհաջող ավարտի կապակցությամբ. մաղթում եմ  ստեղծագործական հաջողություններ և ձեռքբերումներ»,- ամփոփելով խոսքը՝ նշել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել  ծրագրի կազմակերպիչներին և դասախոսներին կատարած աշխատանքի համար: 

Դանիել Դանիելյանը «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի ծրագրի մասնակիցներին հանձնել է ավարտական վկայականներ:  Այնուհետև տեղի է ունեցել  ծրագրի մասնակիցների հեղինակած ֆիլմերի ցուցադրությունը, որոնք ստեղծվել են արհեստական բանականության (AI)-ի միջոցով։

Ծրագրի շրջանակում կինոարտադրության ոլորտում կայացած և փորձառու մասնագետները դասավանդել են սցենարի վարպետություն, ռեժիսուրա, մոնտաժի ռեժիսուրա, ինչպես նաև արհեստական բանականության (ChatGPT, Midjourney, Runway) հիմունքները և սկզբունքները, այդ թվում՝ ինչպես AI-ի միջոցով ստեղծել ֆիլմեր: Անցկացվել են գործնական դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկումներ, հանդիպում ֆիլմերի ստեղծագործական կազմերի հետ: Կազմակերպվել են նաև վարպետության դասեր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանի և Կաննի կինոփառատոնի մրցանակակիր, դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ Սերժ Ավետիքյանի մասնակցությամբ։

Ծրագրին մասնակցել են  Երևանի, Գեղարքունքի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերի 28 շնորհալի պատանիներ և երիտասարդներ: 

  • Կիսվել: