ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի այս տարվա ժյուրիի անդամները

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի այս տարվա ժյուրիի անդամները

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի այս տարվա ժյուրիի անդամները: 

 ժյուրիի անդամների ցանկում են Սան Սեբաստիանի և Թուրինի փառատոների մասնակից, Ոսկե ծիրանի դափնեկիր, ամերիկահայ սցենարիստ և ռեժիսոր Էրիկ Նազարյանը, Աթինա Ռախիլ Ցանգարին՝ հունական Նոր ալիքի համահիմնադիրը, Յորգոս Լանթիմոսի վաղ շրջանի համահեղինակը, նշանավոր Աթենբերգ ֆիլմի ռեժիսորը, ինչպես նաև Աթենքի օլիմպիական խաղերի հանդիսավոր արարողությունների բեմադրողը։

Միջինասիական ժամանակակից կինոյի ամենավառ հեղինակներից մեկը՝ ժանրային փորձարարության և հեգնական մռայլության վարպետ Ադիլխան Երժանովը նույնպես ժյուրիի անդամներից է։

Մյուս անդամը Ադա Սոլոմոնն է՝ ռումինական կինոյի առաջատար պրոդյուսերներից մեկը, Բեռլինի կինոփառատոնի Ոսկե արջի դափնեկիր և Օսկարի նոմինացված ֆիլմերի արտադրող։

Նշենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Վերջինս համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության և հանդուրժողականության  ամենազգայուն ձայներից մեկն է։

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 13-20-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կանն, Բեռլին, Վենետիկ և այլն) կինոփառատոններից։ Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

 

  • Կիսվել: