երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
«Հայրենասիրության գույները Յանա Զախարովայի արվեստում»

«Հայրենասիրության գույները Յանա Զախարովայի արվեստում»

Նրա զենքը՝ էսթետիկան, դիզայնը և կտավներն են, իսկ հաղթանակների ամենակայուն բնորոշիչները՝ մտածողությունը, երևակայությունն ու հավատը սեփական հաջողության հանդեպ։

Յանա Զախարովան՝ կոնցեպտուալ արվեստագետ, դիզայներ, դասախոս և Epactto գործակալության հիմնադիրն է՝ ունենալով ավելի քան տասնհինգ տարվա բացառիկ փորձ տեսողական արվեստի, բրենդ-դիզայնի և կրեատիվ ղեկավարության ոլորտում։ Նա յուրովի վերագտել է իրեն գովազդի և արվեստի աշխարհում։ 1999 թվականին Յանան ավարտել է իրավաբանական լիցեյը Ստավրոպոլ քաղաքում, ինչպես նաև արվեստի դպրոցում՝ ավարտելով յոթ տարվա կրթությունը ջութակի և նկարչության գծով։ Արվեստի դպրոցի ավարտից հետո նա ընդունվել է Ստավրոպոլի արվեստի քոլեջ և միաժամանակ՝ համալսարանի իրավագիտության ֆակուլտետ՝ փորձելով համատեղել գրաֆիկան և իրավունքը։

Արդյունքում ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան։ Սկզբնական շրջանում դիզայնը ընկալվում էր որպես հոբբի, սակայն մասնագիտական գործունեության զարգացման ընթացքում վերաբերմունքը փոխվեց։ Նա հասկացավ, որ պետք է ստեղծագործել, քանզի գրաֆիկան ու դիզայնը մարդու հոգու աչքերն են։ Յանան իրեն համարում է հայ արվեստագետ, քանի որ իր արվեստի միջոցով փոխանցում է հայրենասիրության բոլոր երանգները։ Դիզայնի և նկարչության աշխարհում իր ճանապարհը սկսել է 2008 թվականին՝ ոգեշնչվելով այն անիմացիոն ստուդիայից, որտեղ աշխատում էր, ինչպես նաև մեծ վարպետ Ռոբերտ Սահակյանցից։

Կարևոր փուլ էր նաև Արտյոմ Երկանյանի «Հայերի մասին՝ Հայերի համար» նախագծում իր մասնակցությունը որպես ամսագրի դիզայներ։ Հետագայում նա շարունակեց ուսումը՝ ընդունվելով Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մագիստրատուրա, որտեղ էլ պաշտպանեց իր մագիստրոսական թեզը՝ «Բրենդի կառավարում» թեմայով։ Յանայի աշխատանքները բազմիցս արժանացել են գնահատանքի՝ նորարարական մտածողության և մշակութային արժեքի համար։ 2020 թվականին նա զբաղեցրեց առաջին տեղը պետական նշանակության «10 միլիոն ծառի տնկում» նախաձեռնության բրենդի մրցույթում։

Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների և արվեստային նախաձեռնությունների, այդ թվում՝ Երևանյան Պրինտ Բիեննալե (2023), Հայաստանի նկարիչների միության սրահ (2008, 2009), «Ձեր գիտակցությունից բարձր» կոնցեպտուալ շոու-պերֆորմանս (2021), համատեղ ցուցահանդես Բարսելոնայում (2023), բարեգործական ցուցահանդես Երևանում (2021), ցուցահանդես՝ Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնում (2023): 2020 թվականից նա հանդիսանում է Epactto գործակալության հիմնադիրն ու արվեստի տնօրենը՝ ղեկավարելով վիզուալ ինքնության և բրենդավորման նախագծեր դեսպանատների, միջազգային ՀԿ-ների (Idea Foundation, Ավստրիայում ՀՀ դեսպանություն, TUF, VCC, Beau en Blanc, Green Rock, Keron, UWC Dilijan) և հայաստանյան առաջատար ընկերությունների համար։ Համոզված լինելով, որ մարդն էլ Տիեզերքի մի մասնիկ է, Յանան իր արվեստը ինտեգրել է բրենդային նախագծերի մեջ՝ հավատալով, որ արվեստն ու համակարգը մի կետում ձուլվում են՝ ձևավորելով կոնցեպտուալ լուծումներ։

Թվային աշխարհը նրան մղեց վերադառնալ կտավներին։ Այս մոտեցման այցեքարտը դարձավ Ռուսական արվեստի թանգարանում անցկացված «Թանգարանների ապագան արագ փոփոխվող հասարակության մեջ» խորագրով ցուցահանդեսը։ Յանայի կարծիքով. «Ցանկացած կոնցեպտ պետք է ճիշտ ներկայացվի, որպեսզի հասանելի լինի լսարանին։ Այս կոնտեքստում՝ Թանգարանների միջազգային օրվա շրջանակում, կարևոր էր գրաֆիկական աշխատանքներում ներառել պատմամշակութային մանրանկարչության և ճարտարապետության տարրեր՝ պահպանելով անցյալի մշակութային ժառանգությունը և միաժամանակ համադրելով ժամանակակից տեխնոլոգիաների հետ»։

Յանայի ոգեշնչման գագաթնակետը արվեստում դարձել է բարոկկոյի ներկայացուցիչ՝ Կարավաջոն։ Նկարիչ, ով խախտեց արվեստի ներքին «լռությունն ու կարգը»՝ իր միտքը ուժեղ կերպով հասցնելով հանդիսատեսին։ Ամեն արվեստագետ ունի իր աշխարհն ու յուրահատուկ ձեռագիր՝ հատուկ ուղերձով աշխարհին։ Յանան վստահ է, որ իր աշխատանքները կարող են դառնալ ինքնաճանաչման ուղու ներշնչման աղբյուր։ Ստեղծագործել է պետք՝ առանց ավանդույթները խեղաթյուրելու, այլ՝ դրանք վերաձեւակերպելով։

Ներկայումս Յանան նախապատրաստվում է իր հերթական հաղթանակին՝ 2025 թվականին մասնակցելով Վենետիկում կայանալիք ցուցահանդեսին։ 2025 թվականի հունիսին, 19-րդ դարի ճարտարապետության Բիենալեի շրջանակում, Art Fest-ի ժամանակ Յանան կներկայացնի իր արտասովոր աշխատանքը՝ «Կարմիր նավը կապույտ ծովում»։ Ասում են՝ արվեստը պետք է զգալ, այլ ոչ թե հասկանալ։ Հենց այս կարգախոսով է Յանան իր հերթական քայլերն ուղղում դեպի նոր աշխարհ և նոր հաղթանակներ…

  • Կիսվել: