Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ արդեն 8-րդ տարին անցկացվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը, որը կազմակերպում են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Գրքի փառատոն» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը։
Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում՝
- արձակ
- դրամատուրգիա
- մանկապատանեկան գրականություն
- պոեզիա
Մասնակցության հայտ կարող են ներկայացնել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստեղծագործությունները պետք է լինեն հայերեն:
Հաղթողները (ամեն անվանակարգում՝ մեկական) կստանան դրամական պարգև՝ 500․000-ական դրամ (ներառյալ հարկերը):
Փառատոնում նախորդ տարիներին մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակներն այս տարի նույն անվանակարգերում դիմել չեն կարող: Մրցույթին ներկայացվող աշխատանքները պետք է հրատարակված և հրապարակված չլինեն (էլեկտրոնային մամուլում, սոցիալական հարթակներում, միջոցառումների ժամանակ կազմակերպված ընթերցումներում): Նույն հեղինակը կարող է հայտ ներկայացնել միայն մեկ անվանակարգում։
Մրցույթին պետք է ներկայացնել՝
«Արձակ» անվանակարգում
- կամ 2 պատմվածք
- կամ 2 էսսե
- կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ, որում անպայման նշել նաև ուղարկվող հատվածի բառերի թիվը):
«Դրամատուրգիա» անվանակարգում
- 1 պիես
«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում
- կամ 2 հեքիաթ
- կամ 2 պատմվածք
- կամ 2 պատկերազարդ պատմություն
- կամ 10 բանաստեղծություն
- կամ վեպից (վիպակից) հատված (նվազագույնը՝ 4000, առավելագույնը՝ 4500 բառ, առանձին կցել նաև աշխատանքի բովանդակային նկարագրությունը՝ մինչև 400 բառ, որում անպայման նշել նաև ուղարկվող հատվածի բառերի թիվը):
«Պոեզիա» անվանակարգում
- 10 բանաստեղծություն
Գործերը ժյուրիի գնահատմանն են ներկայացվելու ԱՆԱՆՈՒՆ։
Այն հայտերը, որոնք կպարունակեն հեղինակի վերաբերյալ ուղղակի կամ անուղղակի տեղեկություն (անուն, նույնականացման որևէ տվյալ), չեն դիտարկվի: Եթե տեքստը գնահատման ներկայացվի ժյուրիի անդամներին, և ընթերցման փուլում վերջինները նկատեն նույնականացման փորձ, ապա հայտը կչեղարկվի:
Մասնագիտական ժյուրիի կազմում են.
«Արձակ» անվանակարգ
- Ալվարդ Սեմիրջյան
- Անի Հովնանյան
- Արքմենիկ Նիկողոսյան
- Վանուհի Բաղրամյան
«Դրամատուրգիա» անվանակարգ
- Անահիտ Արամունի Քեշիշյան
- Նարինե Գիժլարյան
- Սաթէ Խաչատրյան
- Տաթև Հովակիմյան
«Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ
- Լիլիթ Ալթունյան
- Ռուզան Տոնոյան
- Սաբեթ Հովհաննիսյան
- Վարդուհի Բալոյան
«Պոեզիա» անվանակարգ
- Անահիտ Հայրապետյան
- Արփի Ոսկանյան
- Հասմիկ Սիմոնյան
- Ներսես Աթաբեկյան
Հայտերի գնահատման չափանիշները.
- «Արձակ» անվանակարգ՝ տեքստային իրացումը, լեզուն և ոճը, դիպաշարի կառուցումը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:
- «Դրամատուրգիա» անվանակարգ՝ ձևն ու բովանդակությունը, կառուցումը, լեզուն և ոճը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:
- «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգ՝ գրավիչ և հագեցած սյուժեն, տեքստի համապատասխանությունը թիրախային խմբի հետաքրքրություններին, բովանդակության ուսանելիությունը, կառուցվածքը, շարադրանքի դյուրըմբռնելիությունը, ոճը:
- «Պոեզիա» անվանակարգ՝ տեքստային իրացումը, լեզուն և ոճը, ազդեցության աստիճանը, արդիականությունը, նորարարական-փորձարարական արժեքը:
Հայտի փաթեթն անհրաժեշտ է ուղարկել [email protected] հասցեին «word» ձևաչափով (բոլոր գործերը մեկ ֆայլում): Ֆայլում ՉՊԵՏՔ է նշել անուն-ազգանուն կամ կեղծանուն: «Թեմա» տողում պետք է նշել անուն-ազգանունը և անվանակարգը (օրինակ՝ Հովհաննես Գրիգորյան, «Պոեզիա» անվանակարգ), նամակին կցել լուսանկար (դիմանկար) և գրել հեռախոսահամար։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025 թ. հուլիսի 15-ն է (ներառյալ)։
Հայտարարության պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու։
Հաղթողների անունները հայտնի կդառնան սեպտեմբերի 7-ին՝ Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի փակման արարողության ժամանակ։
Փառատոնն իրականացվում է 2017 թվականից։ Այն Հայաստանում գրականության ոլորտի ամենամեծ իրադարձությունն է: Փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 5-7-ը Հանրապետության հրապարակում, Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պատմության թանգարանում։
Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: