երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
«Երաժշտություն պատերազմի ժամանակ». Կիրիլ Գերշտեյնի և Ռուզան Մանթաշյանի բացառիկ համերգը Երևանում

«Երաժշտություն պատերազմի ժամանակ». Կիրիլ Գերշտեյնի և Ռուզան Մանթաշյանի բացառիկ համերգը Երևանում

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Երաժշտություն պատերազմի ժամանակ» խորագրով բացառիկ համերգ՝ աշխարհահռչակ վիրտուոզ դաշնակահար Կիրիլ Գերշտեյնի և ժամանակակից օպերային արվեստի փայլող աստղ, մեծ ճանաչում ունեցող սոպրանո Ռուզան Մանթաշյանի մասնակցությամբ։ Հնչել են Կոմիտասի, Կլոդ Դեբյուսիի, Ռավելի ստեղծագործություններից։

Համերգին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Համերգը նախաձեռնել էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիան՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցությամբ, իրականացվել է Եվրոպական միության Horizon Europe ERA Chair ծրագրի ֆինանսավորմամբ։

Այս միջոցառմամբ նաև մեկնարկել է Հայաստանի ամերիկյան համալսարանի կազմակերպած «Ազգային ինքնությունը ճգնաժամի օրոք» միջազգային գիտաժողովը։

Համերգի ավարտին «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ճեմասրահում կայացել է «Երաժշտություն պատերազմի ժամանակ» խորագրով ձայնասկավառակի հայաստանյան շնորհանդեսը։ Ձայնասկավառակում ընդգրկված են Կոմիտասի և Դեբյուսիի ստեղծագործությունները՝ Կիրիլ Գերշտեյնի, Կատյա Սկանավիի, Թոմաս Ադեսի, Ռուզան Մանտաշյանի կատարումներով։

  • Կիսվել: