երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Աշխարհի տարբեր երկրների երեխաների՝ «Խաղաղություն» թեմայով ստեղծագործությունները կցուցադրվեն Երևանում

Աշխարհի տարբեր երկրների երեխաների՝ «Խաղաղություն» թեմայով ստեղծագործությունները կցուցադրվեն Երևանում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 24-ին ժամը 16:00-ին Հայաստանի նկարիչների միությունում (ք. Երևան, Աբովյան 16) տեղի կունենան «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ միջոցառումը միավորում է Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների՝ Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ուզբեկստանի, Թուրքիայի, Հունաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Իսպանիայի և Ավստրիայի ավելի քան 1500 շնորհալի երեխաների՝ երկու տարիքային խմբերում (մինչև 10 և 10–15 տարեկան), որոնք իրենց արվեստով փոխանցում են խաղաղության, համերաշխության և մարդասիրության կարևորագույն արժեքները։

Եզրափակիչ ցուցահանդեսին կներկայացվեն 80 լավագույն ստեղծագործություններն՝ ընտրված միջազգային արհեստավարժ ժյուրիի կողմից։ 

Միջոցառման ընթացքում ուսուցիչներին և կրթական հաստատություններին կհանձնվեն մրցանակներ, դիպլոմներ, խրախուսական պատվոգրեր, հատուկ մրցանակներ։ Նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրում։ Շուտով գործարկվելու է artforpeacekids.com կայքը, որը կդառնա միջազգային հարթակ: Այնտեղ կներկայացվեն երեխաների ստեղծագործությունները՝ խաղաղության և համերաշխության ուղերձներով։ Հարթակում արվեստը կդառնա կապող կամուրջ աշխարհի տարբեր անկյուններում ապրող ստեղծագործողների միջև։ 

Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև մայիսի 26-ը:

 

  • Կիսվել: