հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Արվեստի ստեղծագործությունների առուվաճառքի կանոնակարգման նպատակով օրենքի նախագիծ է մշակվել

Արվեստի ստեղծագործությունների առուվաճառքի կանոնակարգման նպատակով օրենքի նախագիծ է մշակվել

ՀՀ  Կառավարությունը հանդես է եկել կարևոր օրենսդրական նախաձեռնությամբ, որը նոր էջ է բացում արվեստի ստեղծագործությունների առուվաճառքի կանոնակարգման, ներգրավված բոլոր շահառուների շահերի պաշտպանության, արվեստի դաշտում շուկայական նոր հարաբերությունների ձևավորման տեսանկյունից:

Այս մասին ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը՝ Ազգային ժողովի՝ մայիսի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

«Մշակութային աճուրդների կազմակերպման մասին» օրենքի նախագծով նախատեսվում է կարգավորել մշակութային արժեքների և մշակութային նշանակության առարկաների աճուրդների կազմակերպման, իրականացման կարգը և պայմանները, ինչպես նաև կանոնակարգել դրանց գործունեությանն առնչվող հարաբերությունները:

«Օրենքի հիմնական նպատակներն են՝ խթանել ստեղծարար ոլորտներում ներդրումային հոսքերը, նպաստել ժամանակակից արվեստագետների հանրայնացմանը և ֆինանսական ինքնանաբավությանը, կանխարգելել մշակութային ժառանգության ապօրինի տեղաշարժերը, զարգացնել միջազգային համագործակցությունը՝ մասնավորապես ապահովելով միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավումը հայկական շուկա»,- ասել է փոխնախարարը:

Նշվել է, որ մշակութային աճուրդների կազմակերպման գործունեությունը ենթակա է լինելու  լիցենզավորման,  ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը, կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ կողմերի հետ:

Գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը: Նրա խոսքով՝ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը նախատեսվում է իրականացնել ԱԺ աշնանային նստաշրջանում: Մինչ այդ նախատեսվում է օրենսդրական փաթեթը լրամշակել՝ անհրաժեշտության դեպքում կազմակերպելով նաև աշխատանքային քննարկում:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ներկայացրել է Լիլիթ Գալստյանը՝ նշելով, որ այն լրջագույն լրամշակման կարիք ունի:

  • Կիսվել: