«Թուֆենկյան» հիմնադրամը վերակառուցել է Կարմիր շուկայում բնակվող բազմազավակ ընտանիքի տունը
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից վերակառուցվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ, բազմազավակ ընտանիքի հայր, 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Արտակ Շահնազարյանի առանձնատունը։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 14-ին, տեղի է ունեցել Շահնազարյանների ընտանիքի վերակառուցված առանձնատան բնակարանամուտը։
Մեզ հետ զրույցում Արտակ Շահնազարյանը պատմել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, հակառակորդի կողմից Կարմիր շուկայի հրթիռակոծության հետևանքով մասնակի վնասվել է նաև իրենց տունը:
«Աշխարհազորայինների կազմում մասնակցելով հայրենիքի պաշտպանությանը, 2020 թվականի հոկտեմբերի 28-ին երկու ոտքից վիրավորվել եմ: Տան պայմաններն այդքան էլ բարվոք չէին: Մեզ համար այսօր մեծ ուրախություն է, քանի որ հնարավորություն է ընձեռվել ապրել նման հարմարավետ պայմաններում»,-ասել է Ա. Շահնազարյանը: Սահմանամերձ գյուղի բազմազավակ՝ 5 երեխա ունեցող ընտանիքի հայրն իրենց ապագան հայրենի ծննդավայրում է տեսնում: «Ուր էլ լինենք, մեկ է՝ մեր տունն ու տեղն ուրիշ է: Այստեղ մենք բոլորս էլ հոգեպես ուժեղ ենք»,-ընդգծել է Ա. Շահնազարյանը:
Մեզ հետ զրույցում «Թուֆենկյան» հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Ռուբեն Ջանբազյանը նշել է, որ իրենց համար նույնպես մեծ ուրախություն է փոքր լումա ներդնելը սահմանամերձ գյուղերում՝ այդ թվում Կարմիր շուկայում։
«Մենք անում ենք հնարավորը, որպեսզի ժողովրդի դեմքին ժպիտ լինի։ Շինարարները ջանք չխնայեցին տունը գեղեցիկ տեսքի բերելու համար։ Շնորհակալ ենք աշխարհի տարբեր ծագերում գտնվող մեր այն նվիրատուներին, ովքեր աջակցեցին այս ծրագրի իրականացմանը»,-հավելել է Ռ. Ջանբազյանը՝ հավաստիացնելով, որ հիմնադրամը շարունակելու է ամուր կանգնել արցախցու կողքին և տարբեր ծրագրեր իրականացնել Արցախում: