երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն

Տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման համար Արցախում գործուն մեխանիզմներ կմշակվեն

Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործմանն ուղղված համապատասխան արդյունավետ գործիքակազմ ապահովելու նպատակով օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրական հարցերի վարչության պետ Եվգենյա Հակոբյանը՝ հավելելով, որ Ազգային ժողովն արդեն քննարկել և ընդունել է «Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման կիրառումն ապահովող օրենսդրական փոփոխությունների իրականացման ժամկետը երկարաձգվել է և ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի փոխարեն վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի փետրվարի 1-ը:

«Հաշվի առնելով նշված խումբ քաղաքացիների ընտրական իրավունքի իրագործման առնչությամբ գործնականում ծագող խնդիրները, ընտրություններին ու հանրաքվեներին նրանց մասնակցության համար արդյունավետ և գործուն մեխանիզմներ մշակելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական փոփոխությունների իրականացման ժամկետը երկարաձգել: Մինչև նշված ժամկետի ավարտը պատկան մարմինների կողմից կկատարվեն ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրություններ, որոնք հիմք կհանդիսանան խնդրի կարգավորման արդյունավետ մեխանիզմներ մշակելու համար»,-մանրամասնեց վարչության պետը՝ հավելելով, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային տարբերակն արդեն շրջանառության մեջ է:

  • Կիսվել: