ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակության հետ քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգման հարցը

Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակության հետ քննարկվել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգման հարցը

Այսօր Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչական շենք են այցելել Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր Ալտեմատը, ինչպես նաև «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Այբները։ Պատվիրակությանն ընկերակցել են նույն կազմակերպության պատասխանատու Ջոել Վելդկամպը և Պետեր Ֆուխսը։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են,  որ հանդիպմանը ներկա են եղել Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, ԱԺ խմբակցությունների ղեկավարները, ԱՀ ՄԻՊ-ը և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի ներկայացուցիչը։

Հանդիպման սկզբում Աշոտ Դանիելյանն Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով է պարգևատրել Էրիխ Ֆոնտոբելին և շնորհակալագրեր հանձնել Շտեֆան Մյուլլեր Ալտեմատին ու Ջոն Այբներին։

Այնուհետև Աշոտ Դանիելյանը ներկայացրել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգման համար տարվող աշխատանքների քաղաքական ուղղվածությունը, ինչպես նաև անդրադարձել է ժողովրդի սոցիալական և հոգեբանական ընդհանուր իրավիճակին։

Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր Ալտեմատը ներկայացրել են Շվեցարիայի երկու խորհրդարանական պալատների կողմից 2025 թվականին ընդունված «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում․ հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի կատարման ընթացքը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։

Մասնակիցները տեսակետներ են փոխանակել երկուստեք համագործակցության և հետագա ծրագրերի իրականացման ուղղությամբ նախատեսվող քայլերի մասին։

  • Կիսվել: