Կրթամշակութային Հայաստան ՀԿ-ն կոչ է անում միջազգային հանրությանը հրատապ արձագանքել Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացման փաստերի առիթով
Մենք՝ որպես հասարակական կազմակերպություն, խոր մտահոգությամբ և վճռականությամբ դիմում ենք միջազգային հանրությանը՝ հրատապ արձագանքելու Լեռնային Ղարաբաղում իրականացվող հայկական պատմամշակութային ժառանգության համակարգված ոչնչացմանը։ Այս մասին ասված է Կրթամշակութային Հայաստան ՀԿ-ի հայտարարության մեջ։
«Վերջին զարգացումները վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունները նպատակային կերպով իրականացնում են հայկական մշակութային և հոգևոր արժեքների վերացման քաղաքականություն։ Մասնավորապես, Ստեփանակերտ քաղաքում հողին է հավասարեցվել Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ հայկական ինքնության կարևորագույն խորհրդանիշներից մեկը։
Այս գործողությունները չեն կարող դիտարկվել առանձին կամ պատահական դեպքեր։ Դրանք հանդիսանում են լայնածավալ և կազմակերպված քաղաքականության մաս, որը միտված է վերացնելու հայկական ներկայության բոլոր հետքերը Լեռնային Ղարաբաղում։
Մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և հակասում է մի շարք միջազգային կոնվենցիաների, այդ թվում՝ մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ միջազգային պարտավորություններին։ Նման քայլերը նաև ունեն ցեղասպանական բնույթ, քանի որ ուղղված են ոչ միայն նյութական արժեքների, այլև ամբողջ ժողովրդի պատմական հիշողության և ինքնության վերացմանը։
Մենք կոչ ենք անում՝
.Միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, նախաձեռնել անհապաղ փաստահավաք առաքելություն Լեռնային Ղարաբաղ։
.ՄԱԿ-ին և միջազգային իրավապաշտպան կառույցներին տալ հստակ քաղաքական և իրավական գնահատական կատարվածին,
ապահովել հայկական մշակութային ժառանգության պահպանությունն ու պաշտպանությունը միջազգային մեխանիզմների միջոցով։
.Պատասխանատվության ենթարկել բոլոր այն անձանց և կառույցներին, որոնք ներգրավված են մշակութային ցեղասպանության իրականացման մեջ։
Մենք համոզված ենք, որ մշակութային ժառանգության պաշտպանությունը համամարդկային պատասխանատվություն է, և դրա ոչնչացումը չի կարող մնալ անպատասխան։ Լռությունը նման դեպքերում հավասարազոր է հանցակցության։
Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է միջազգային հանրության համարժեք և վճռական արձագանքը՝ կանխելու մշակութային ցեղասպանության շարունակականությունը և պահպանելու մարդկության ընդհանուր ժառանգությունը»,- ասված է հայտարարության մեջ։


