Հոկտեմբերի 6-ին լրանում է Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 63-ամյակը
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, լրանում է «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, Արցախյան ազատամարտում նահատակված լեգենդար հրամանատար Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 63-ամյակը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ կապակցությամբ Ստեփանակերտում Բեկորի հուշաքարի մոտ տեղի է ունեցել նրա հիշատակին նվիրված միջոցառում:
Արցախի հերոսի հարազատները, մարտական և կուսակցական ընկերները, աշակերտներ և ուսուցիչներ, ծաղիկներ են խոնարհել հուշաքարի պատվանդանին և հարգանքի տուրք են մատուցել:
Մայրաքաղաքի Աշոտ Ղուլյանի անունը կրող համար 2 դպրոցի աշակերտները հանդես են եկել ասմունքով, հայրենասիրական կատարումներով:
Մեզ հետ զրույցում ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է, որ Բեկորի ու նրա նման տղաների բերած հաղթանակները երկար են ծառայելու հայ ժողովրդի ազատության ու անկախության համար:
«Բեկորը և նրա հրամանատարությամբ կռված տղաները հաղթանակ բերեցին մեր ազգին, ամբողջ հայ ժողովրդին տալով հպարտություն, վստահություն, վաղվա օրվա հավատ: Նրանց կարիքն այսօր ավելի քան զգացվում է»,-նշել է Ա.Ղուլյանը:
Ստեփանակերտի 2-րդ դպրոցի 5-րդ դասարանի դասղեկ Լուսինե Արզանգուլյանի հավաստմամբ՝ կրթօջախի սաները դաստիարակվում են հերոսի գաղափարներով:
«Հերոսի անունը կրող դպրոցի սաներն այսօր հպարտությամբ են կանգնած նրա պատվանդանի առաջ: Մենք ապրեցնելու ենք Արցախն ու աշխարհին կապացուցենք,որ եղել ենք, կանք ու կլինենք: Փառք ու պատիվ բոլոր Բեկորին և բոլոր նրանց,ովքեր իրենց արյամբ կերտեցին մեր լուսավոր ապագան»,-հավելել է Լ.Արզանգուլյանը:
Հերոսի թոռնիկը՝ Աշոտը, հավաստիացնում է՝ լավ կսովորի, որ հերոս պապիկը հպարտանա իրենով:
«Ես գիտեմ,որ պապիկս եղել է հայրենասեր ու զոհվել է հանուն հայրենիքի: Ես էլ դպրոցում գերազանց եմ սովորում, որ նա հպարտանա ինձնով»,-ասել է հերոսի թոռնիկը: