Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից
Ադրբեջանական գերության մեջ գտնվողԱրցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դիմել է բոլոր իրավապաշտպաններին և բարի կամքի մարդկանց։ Աուդիո հաղորդագրությունը NEWS.am-ին փոխանցվել է Դավիթ Բաբայանի ընտանիքի միջոցով, որը ներկայացնում ենք ստորև.
«Թանկագին հայրենակիցներ, սիրելի բարեկամներ, քույրեր և եղբայրներ, աշխարհասփյուռ հայություն, այլազգի մեր բոլոր քույրեր և եղբայրներ, բարի կամքի մարդիկ, դուք գիտեք, որ ավարտվեց, այսպես կոչված, մեր դատավարության նաև վերաքննիչ փուլը։ Դե ինչ դատավարություն, սա մի թատրոն էր, որի սցենարը գրված էր նախօրոք։ Նույնիսկ չհամարձակվեցին տարրական սխալները շտկել։
Օրինակ, վերջին նիստում ներկայացնելով ներկաներին, երբ թողեցին այդ վճռները ուժի մեջ, իմ պաշտպաններին ներկայացրեցին հին կազմով, այն դեպքում, երբ նրանք փոխվել էին այս դատավարության ժամանակ։ Այսինքն ոչ միայն հարկ չհամարեցին ստուգել, այլ նաև չհամարձակվեցին փոխել նախօրոք գրված սցենարը, նույնիսկ շտկել այն սխալները, որոնք այնտեղ կան։
Սա զուտ ֆորմալ մի փուլ էր, որը պետք է անցնեինք, որպեսզի հետագայում այն օգտագործենք միջազգային դատարան դիմելու համար։
Դատարանում գործընթացին քաղաքացիներ չէին մասնակցում, այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանում ամեն անգամ մոտ 200-300 հոգի ներկա էին։ Իհարկե, նրանք բոլորը սելեկտիվ ձևով էին բերվում, հատուկ ավտոբուսներով։ Բացի դրանից, ըստ որոշ տվյալների, նրանք նաև լավ վարձատրում էին, բայց այս անգամ չկար ոչ մեկը։ Պատճառներից մեկը այն է, որ այդ մարդիկ տեսնում էին՝ ինչպիսի չարաշահումներ են կատարվում այնտեղ, տեսնում էին իրենց կողմի թույլ դիրքերը, մեր ինքնապաշտպանությունը, մեր համառությունը, այդ ինքնապաշտպանության որակը, և բնական է՝ այս ամենը ուզած–չուզած ներթափանցում է նաև իրենց հասարակություն։
Շատ հետաքրքիր է, որ այնպիսի գաղափարներ են շրջանառության մեջ դրվում, որ անհնար է ուղղակի դա պատկերացնել։ Օրինակ, մեկի կողմից կատարված հանցագործությունը ավտոմատ բոլորին է վերագրվում։ Կամ այնպիսի գաղափարներ, որ միջազգային հանրության պատմության մեջ ընդհանրապես անհնար է պատկերացնել։ Օրինակ, ինձ վրա ավելացրել են երկու ցմահ հոդվածներ, որոնք չկային, որևէ անգամ չէր հիշատակվում առաջին ատյանի ամբողջ դատավարության ժամանակ։
Ես դա տեսա, երբ դատավարության ավարտվելուց մեկ շաբաթ հետո մեզ տվեցին կրճատ գրություն այդ ամենի։ Սա անթույլատրելի է։
Ես խնդրեցի, որպեսզի նայեն մեր ելույթները, թե առաջին ատյանի դատարան վերջ խոսքը, թե այս դատավարության հիմնական ելույթները, տեսատարբերակով փոխանցեն իրենց Մարդու իրավունքների պաշտպանին, բայց մերժեցին։ Ասում են, որ բաց դատավարություն է, բայց մերժում է նույնիսկ իրենց մարդու իրավունքների պաշտպանին այդ ամենը տրամադրել։
Հետաքրքիր երևույթներից մեկը այն է, որ փոխվել են նաև պաշտպանները։ Ես փորձել եմ իմանալ՝ ի՞նչն է պատճառը, ասել են առողջականը։ Դատարանում ասել եմ՝ տեսազանգով կապվեք հետներ, ես ուզում եմ անձամբ տեղեկանալ՝ ինչպես են, իրենք, իհարկե, խառնվել են, չեն միացրել, ասել են, որ կյանքներին վտանգ չկա։
Հետաքրքիր զարգացումներից է նաև այն, որ այստեղի պաշտպաններից մեկը հայտարարել է, որ չեն ուզում իրենք գործը հասնի միջազգային դատարան, որովհետև մեղադրանքների ավելի քան 95%-ը շինծու է և որևէ ապացույց չկա։ Իսկապես, դա այդպես է։
Բերեմ մի կոնկրետ օրինակ. մասնավորապես, ինձ ցմահ են նշանակել մի հոդվածով, ըստ որի, ես փորձում էի տապալել այստեղի իշխանությունը, բռնի կերպով զավթել իշխանությունն այս երկրում սահմանադրությունը տապալել և այլն։ Ես հարց եմ տվել՝ արդյո՞ք կա որևէ ապացույց, որ ես լինելով այստեղ, մասնակցել եմ ձեր իշխանության համար պայքարին։ Եթե այդպես է, ուրեմն պիտի ամբողջ ձեր երկրով մեկ ունենայի համախոհներ, ինչ-որ կազմակերպության բջիջներ։ Իհարկե, որևէ պատասխան չկա։
Ես շնորհակալություն եմ հայտնել նման որակի և քանակի սխալների համար, որովհետև սա մեզ համար շատ կարևոր է, դա կնպաստի նաև արդարության վերականգնմանը, քանի որ այս ամենը մենք կներկայացնենք միջազգային դատարանում։
Բավականին հատկանշական է, որ նաև ապացույցների փոխարեն օգտագործում են փոխարինիչներ՝ ստեր, կեղծիքներ, կենացներ, իրենց քաղաքական տարբեր մոտեցումներ, կարգախոսներ և այլն։
Ի՞նչ կարելի է ասել, երբ պաշտոնապես հայտարարվում է, որ անհրաժեշտ է ընդլայնել, ոչ դիտավորյալ սպանությունների շրջանակները, որպեսզի բոլորին մեղադրեն սպանությունների մեջ»։
Դավիթ Բաբայանը նաև նշել է, որ առողջական խնդիր ունի, որի մասին բարձրաձայնել է դատարանում և խնդրել, որ այդ ամենը արձանագրվի. «Իհարկե, կասկածում եմ, հասկանալի է, որ իրենք չեն ուզի, որ ես գնամ միջազգային դատարան։ Միայն ինձ մոտ չեն առողջական խնդիրներ: Մի շարք մեր ընկերների մոտ իրոք լուրջ առողջական խնդիրներ կան: Իհարկե, դա ինչ-որ տեղ սպասելի է, որովհետև մենք պայքարում ենք այս չար աշխարհում արդարության և ազատության համար, մարդու իրավունքների համար, իսկ դա հենց այնպես չի լինում։
Մի բան է պայքարել արդարության համար, մեկ այլ բան է, նստել դրա համար, բայց իմացեք, չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան։
Մնացածը ամեն ինչ նորմալ է, պինդ եղեք, թանկագին հայրենակիցներ, բարի կամքի մարդիկ, մեր հայրենիքին դեռ սպասում են ծանր երևույթներ»։



