Բերձորի օդանավակայանի կառուցումը կարող է հետապնդել նաև ռազմական նպատակ. հայտարարություն
ԼՂ փախստականների իրավապաշտպան միությունը հայտարարությամբ արձագանքել է Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում Բերձորից (Լաչին) շուրջ 30 կմ հեռավորության վրա գտնվող միջազգային օդանավակայանի բացման արարողությանը:
«Հարկ է ընդգծել, որ օդանավակայանի բացմանը Թուրքիայի և Պակիստանի բարձր մակարդակով մասնակցությունը ենթադրում է, որ Ադրբեջանի ռասսայական ատելության քաղաքականությունը և ռազմավարական պլանները չեն պատկանում միայն Բաքվի օրակարգին, այլ ունեն հստակ մշակված եռակողմ ռազմավարություն Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան շրջանակներում՝ դրսևորվելով ոչ միայն հռետորաբանության և զորավարժությունների կոնտեքստում, այլև ենթակառուցվածքային և ռազմաօդային դաշտում։
Կարևոր է հավելել, որ դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմում էր հիմք դրվել Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան աշխարհաքաղաքական դաշինքին։ Իսկ 44-օրյա պետերազմից հետո արդեն այս պետությունների միջև ռազմավարական հարաբերությունները ավելի ամրապնդվեցին։ Փաստորեն Բաքուն փորձում է ոչ միայն պահպանել պատերազմի արդյունքները, այլև ամրապնդում է դրանք ուժային և ռազմավարական լուծումների միջոցով, որը բացահայտ հակադրում է խաղաղ գործընթացի վերաբերյալ միջազգային կոչերին, և բացի այդ ցույց է տալիս Ադրբեջանի մտադրությունը ձևավորելու նոր ռազմաքաղաքական դաշինք առանց այլ երկրների միջնորդության։
Ելույթի իր խոսքում նախագահ Ալիևը հյուրերին ներկայացրել է, որ 44-օրյա պատերազմի առաջին օրվանից Ադրբեջանն իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիային և Պակիստանին՝ Բաքվին ցուցաբերած քաղաքական աջակցության համար և նշել, որ համոզված է, որ այն ուղերձները, որոնք երեք երկրներն այսօր աշխարհին հղում են Լաչինից, կհասնեն հասցեատիրոջը։
Ադրբեջանի նախագահն անդրադառնալով ԼՂ խնդրին, արդարացրել է իրականացված էթնիկ զտումներն Արցախի դեմ, իսկ սանձազերծված պատերազմը անվանել «հակաահաբեկչական գործողություն»։
Փորձագետների հավաստմամբ, օդանավակայանի կառուցումը կարող է հետապնդել նաև ռազմական նպատակ, քանզի այն հնարավորություն է տալիս Ադրբեջանին իր դաշնակիցների օգնությամբ իրականացնել տարածաշրջանի դիտարկում, վերահսկողություն ինչպես ՀՀ հարավ-արևմտյան շրջանների ուղղությամբ, այնպես էլ Իրանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ բացի Լաչինի օդանավակայանը, 2021 թվականին Ադրբեջանը օդանավակայաններ է կառուցել Ֆիզուլիում, Վարանդայումլ, իսկ 2022 թվականին էլ օկուպացված Կովսականում։
Պետք է հիշել, որ Բերձորը որրպես Հայաստանի և Արցախի միջև հիմնական ցամաքային կապող օղակ դարեր շարունակ եղել է հայկական մշակութային և պատմական կյանքի անբաժանելի մասը, ունենալով թե ռազմավարական և թե կենսական նշանակություն: Հարկ է նշել, որ հենց Լաչինում 2022 թվականին Ադրբեջանը փակեց կենսական նշանակության միջանցքը, որի արդյունքում 120․000 անձ մնաց շրջափակման մեջ և կտրվեց կապը Հայաստանի հետ, որը հանգեցրեց հումանիտար աղետի՝ սննդի և կենսական միջոցների սպառման։ Շուրջ 9 ամիս կենսական և հումանիտար խնդիրների մեջ թողնելով տարածաշրջանի հայ բնակչությանը Ադրբեջանը պարբերաբար վնասում էր ենթակառուցվածքները՝ դադարեցնելով գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումը, կապի միջոցների օգտագործումը։ Սահմանափակված էր բժշկական և հումանիտար օգնությունը։ 2023 թվականի սեպտեմբերին, Լաչինի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո Ադրբեջանը քանդեց Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին, ավերեց Լաչինի պատմական գերեզմանատունը, ոչնչացրեց ու թալանեց բնակելի տները:
Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը դատապարտում է այս քաղաքական սադրանքը, տնտեսական ենթակառուցվածքների ստեղծման քողի տակ էթնիկ զտումներն օրինականացնելու և հետագայում նոր սադրանքներ հրահրելու փորձերը։
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կառավարություններին, խորհրդարաններին, մարդու իրավունքների կազմակերպություններին դատապարտել հայկական բռնազավթված տարածքների վրա նոր ռազմավարական հակահայկական դաշնակցությունների ստեղծումը: Մենք պահանջում ենք պատասխանատվություն կատարված հանցագործությունների համար և միջազգային երաշխիքներ տեղահանված բնակչության օրինական վերադարձի իրավունքի երաշխավորման համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը որպես իսլամական պետությունների ներկայացուցիչներ մասնակցել են Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում Բերձորից (Լաչին) շուրջ 30 կմ հեռավորության վրա գտնվող միջազգային օդանավակայանի բացման արարողությանը: