ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արցախի օմբուդսմենը պատմել է «իրենց հողերն ազատագրել» ցանկացող ադրբեջանցի «չիրավապաշտպանի» հետ իր հանդիպման մասին

Արցախի օմբուդսմենը պատմել է «իրենց հողերն ազատագրել» ցանկացող ադրբեջանցի «չիրավապաշտպանի» հետ իր հանդիպման մասին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել այն մասին, թե ինչպես է Եվրոպայի խորհրդի բուֆետում նստած ժամանակ իրեն մոտեցել մի ադրբեջանցի երիտասարդ՝ ներկայանալով որպես իրավապաշտպան:

 

Ըստ Բեգլարյանի՝ նա հավանաբար իշխանությունների կողմից ուղարկված «աղավնի» էր:

 

Օմբուդսմենը գրել է, որ ադրբեջանցին թեման միանգամից սկսել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի վերաբերյալ հարցերով:

 

«Պնդում էր, որ «նրանք գերիներ են», որ «նրանց պետք է տալ Ադրբեջանին», որ «իրենց հողերը օկուպացված են», որ «Ղարաբաղի դատարանը չի կարող դատել նրանց» և ադրբեջանական նման քարոզչական թեզեր»,-գրել է Բեգլարյանը:

 

Ըստ նրա՝ ինքն ադրբեջանցուն բացատրել է այդ թեզերի սնանկությունը, վերոնշյալ ադրբեջանցիների կատարած հանցագործությունների էությունը, նրանց ու Ադրբեջանում գտնվող հայ գերիների միջև էական տարբերությունները. «Բնականաբար, չհասկացավ կամ, ավելի շուտ, չուզեց հասկանալ: Նաև նշեցի, որ նրանք քրեակատարողականում որևէ խնդիր ու բողոք չունեն»:

 

Այս ամենում առավել կարևորը Արտակ Բեգլարյանը համարել է «իրավապաշտպան» ներկայացող անձի՝ իր խոսքերով ասած՝ «բացարձակ չիրավապաշտպանությունը», քանի որ ադրբեջանցին մի քանի հարցում հեշտությամբ ծուղակն է ընկել:

 

Բեգլարյանը գրել է, որ նախ՝ ադրբեջանցին խոսքի միայն սկզբում է նշել Գուլիևի մասին, մնացած մասը լրիվ Ասկերովի մասին էր, երկրորդ՝ նա չէր ուզում լսել ու խոսել հայ գերիների և Ադրբեջանի ներքին իրավախախտումների մասին: Եվ երբ օմբուդսմենը երկու անգամ նշել է Սաֆարովի մասին՝ որպես հերոսացման խայտառակ օրինակի, ադրբեջանցին ասել է, որ չի ուզում դրա մասին խոսել: Իսկ երբ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հարցրել է, թե արդյոք Արցախի դատարանին ավելի քիչ է վստահում, քան Ադրբեջանի դատարանին, նա կրկին խուսափել է պատասխանից: Ավելին՝ ադրբեջանցին նշել է, որ Ասկերովի ազատման համար ցույցեր է կազմակերպում Եվրոպայում, և ադրբեջանական իշխանություններն աջակցում են իրեն:

 

Ա. Բեգլարյանն իր գրառումն ամփոփել է հետևյալ նախադասությամբ. «Ամենակարևորը՝ երբ հարցրեցի, թե նա ինչպես է տեսնում հակամարտության կարգավորումը, պարզ նշեց՝ «Ես անձամբ պատերազմ եմ ուզում, մենք մեր հողերը պետք է ազատագրենք»...»:

  • Կիսվել: