ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
44-օրյա պատերազմում հաղթանակը ադրբեջանական ժողովրդի պատմության կարևորագույն իրադարձություններից է

44-օրյա պատերազմում հաղթանակը ադրբեջանական ժողովրդի պատմության կարևորագույն իրադարձություններից է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 8-ին՝ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ, այցելել է  Հաղթանակի հուշարձան և ծաղկեպսակ դրել։ Այնուհետև նա «շնորհավորել է» Ադրբեջանի ժողովրդին և ելույթ ունեցել՝ կրկին հնչեցնելով հակահայկական հայտարարություններ։

Ինչպես հայտնում է APA-ն, Ալիևը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերը «ցուցաբերել են հերոսություն և քաջություն, իսկ հայկական կողմը, նրա խոսքով, պարտություն է կրել մարտի դաշտում»։

«Մեր զինծառայողների կյանքի և արյան գնով, նրանց «հերոսության» շնորհիվ կարողացանք վերջ դնել հայկական օկուպացիային։ 44 օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը ցուցադրեցին հերոսություն, քաջություն, հայրենասիրություն և անձնազոհություն։ Թշնամու մեջքը կոտրվեց մարտի դաշտում»,- ասել է Ալիևը։

Նա նշել է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերը գրավել են ավելի քան 300 քաղաք և գյուղ, իսկ Շուշիի գրավումը, իր բնորոշմամբ, կանխորոշել է պատերազմի ելքը։ Ալիևը նաև պնդել է, թե Հայաստանի իշխանությունները ստիպված են եղել կապիտուլյացիայի ակտ ստորագրել։

Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողություններին՝ հայտարարելով, որ դրանց արդյունքում հայկական ուժերը պարտություն են կրել։

«Ես ասացի՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, բացականչական նշան»։ Մենք այդ բացականչական նշանը դրեցինք 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ այստեղ՝ «Խանքենդիում» (Ստեփանակերտ)։ Մեկօրյա հակաահաբեկչական գործողությունը լիովին կաթվածահար արեց հայկական օկուպացիոն բանակի 15-հազարանոց կորպուսը, և բարձր ճշգրտությամբ ու պրոֆեսիոնալ կերպով իրականացված ռազմական գործողության արդյունքում Հայաստանը ստիպված եղավ երկրորդ անգամ կապիտուլյացիայի ենթարկվել»,- հայտարարել է Ալիևը։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանն այսօր աշխատանքներ է իրականացնում «ազատագրված» Ղարաբաղում՝ ընդգծելով, որ 44-օրյա պատերազմում հաղթանակը ադրբեջանական ժողովրդի պատմության կարևորագույն իրադարձություններից է։

Ալիևի ելույթի ընթացքում հնչել են նաև Հայաստանի հասցեին մեղադրանքներ՝ կապված պատերազմի, օկուպացիայի և բանակցային գործընթացի հետ։

  • Կիսվել: