հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Արցախի ժողովրդի նկատմամբ․ Արցախի խորհրդարանի խոսնակ

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացրել Արցախի ժողովրդի նկատմամբ․ Արցախի խորհրդարանի խոսնակ

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ցեղասպանություն իրականացրեց Արցախի ժողովրդի նկատմամբ։ Այս մասին ապրիլի 2-ին «Եռաբլուրում»՝ Քառօրյա պատերազմի մեկնարկի 10-րդ տարելիցի օրը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահ Աշոտ Դանիելյանը։

«Մենք կարողացանք այդ քառօրյա պատերազմի ժամանակ հաղթանակ կրել և այն ինչ-որ պլանավորված էր Ադրբեջանի կողմից՝ չիրականացավ։ Այսօր մեր պարտքն է հիշել բոլոր այն տղաներին, ովքեր հերոսական պայքար տվեցին այդ օրերի ընթացքում և այսօր մենք պետք է շարունակենք այն գործը, որը այդ տղաները կիսատ թողեցին»,-ասել է Դանիեյլանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները անտեսում են ամսաթիվը, քանի որ փորձում են հիշողությունից ջնջել Արցախի հետ կապված բոլոր ամսաթվերը և հենց Արցախ անվանումը։ Նա Հայաստանի ղեկավարության հայտարարությունները անվանել է ստեր և մանիպուլյացիա։ «Այն ատելությունը, որը դրսևորվեց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից Արցախի լեգենդար հերոսի դստեր նկատմամբ... Հանրային աջակցությունը փաստում է, որ ոչինչ չի ավարտվել։ Ապրիլյան պատերազմի ժամանակ իմ կարծիքով, Արցախի պաշտպանության բանակը և Հայաստանի Հանրապետությունը այն ժամանակ իրենց ունեցած բոլոր գործիքակազմերը կիրառել են, որպեսզի օր առաջ կանգնեցնեն պատերազմը և այն ժամանակ՝ 2016 թվականին Ադրբեջանի խնդրանքով է պատերազմը կանգ առել։ Ես Արցախում եմ եղել։ Այն ինչ տեղի է ունեցել մենք բոլորս տեսել ենք, այն բոլոր ստերը և 44 օր ժողովրդին «խաբել», որ հաղթում ենք, բայց մենք տեսնում էինք, թ Արցախում ինչ է կատարվում և դա՝ մանրակրկիտ քննության առարկա է։ Ազգային ժողովը դեռևս չի հրապարակել այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Թող մանրամասն ներկայացնեն մեր հասարակությանը, թե ովքեր են մեղավոր, ովքեր են պատասխանատու և ինչպես նշեցիք մինչև այդ դեզերտիրներ, փախածներ, ինչ-որ քրեական գործ կա՞ հարուցված։ Քանի՞ քրեական գործ կա այդ շրջանակներում։ Եթե հունիսի 7-ին հայ ժողովուրդը որոշում կայացնի և հեռացնի այս իշխանություններին, պետք է ստեղծվի նոր հանձնաժողով, որն օբյեկտիվորեն կներկայացնի տեղի ունեցածի պատճառները», - նշել է Դանիելյանը։

Այն հարցին, թե ում պետք է ընտրի ժողովուրդը, ԱԺ նախագահը նշել է, որ դրանք պետք է լինեն ազգային ուժերը։ «ՀՀ-ում կան ուժեր, որոնք պատրաստ են պաշտպանել Հայաստանի, այլ ոչ թե օտար ուժերի շահերը։ Մենք սատարում ենք այն ուժերին, որոնց համար Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված լինել։ Դա չի կարող լինել մեկ մարդու որոշում։ Դա համահայկական հարց է, այն սկսվել է Երևանի Ազատության հրապարակում»,- հայտարարել է Արցախի ԱԺ նախագահը՝ հավելելով, որ հարցը բարձրաձայնվելու է բոլոր ատյաններում։ Նա նկատել է, որ Փաշինյանը մշտապես տարբեր պատճառներ է բերում և մատնանշում տարբեր մեղավորների՝ նախկիններին, Ռուսաստանի Դաշնությանը, դասալիքներին։ Մենք բոլորս քաջ գիտենք, թե ով է հանձնել Արցախը և ով է պատասխանատվություն կրում տեղի ունեցողի համար, հավելել է Դանիելյանը։

  • Կիսվել: