Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը համալրեց Հայաստանի հավաքականի մեդալների պաշարը
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի մեդալային պաշարը համալրվեց ևս մեկով, գրում է armsport.am-ը:
67 կգ քաշային կարգում հանդես եկող Սլավիկ Գալստյանը հաջողությամբ եզրափակեց իր մրցելույթները՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Բրոնզե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց Ուկրաինան ներկայացնող Օլեքսանդր Հրուշինի հետ։ Լարված պայքարում Գալստյանը կարողացավ առավելության հասնել մրցակցի նկատմամբ 5։3 հաշվով՝ ապահովելով մեդալը։
Գալստյանի ճանապարհը դեպի պատվո հարթակ սկսվել էր 1/8 եզրափակիչից, որտեղ նա գերվստահ հաղթանակ էր տարել շվեյցարացի Անդրեաս Վետշչի նկատմամբ (9։0)։ Թեև քառորդ եզրափակիչում մեր մարզիկը 0։5 հաշվով զիջեց Թուրքիայի ներկայացուցիչ Մուրատ Ֆիրատին, սակայն սփոփիչ գոտեմարտում գտավ իր խաղը և 5։2 հաշվով պարտության մատնեց Յանիս Նիֆրիին՝ ստանալով մեդալի համար պայքարելու իրավունք։
Հիշեցնենք, որ Տիրանայում ընթացող առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին արդեն իսկ գրանցել է տպավորիչ արդյունքներ. ավելի վաղ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը նվաճել էր արծաթե մեդալ, իսկ 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը դարձել էր բրոնզե մեդալակիր:


