շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Վինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայում

Վինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայում

Լոնդոնի «Արսենալը» լրջորեն դիտարկում է Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորին ձեռք բերելու հնարավորությունը, գրում է armsport.am-ը:

Թեև ակումբների միջև պաշտոնական բանակցություններ դեռ չեն ընթանում, բրազիլացի վինգերի տեղափոխության գաղափարը լիակատար հավանության է արժանացել «զինագործների» ղեկավարության բոլոր մակարդակներում։ Այս մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնում է The Athletic-ի հեղինակավոր լրագրող Դևիդ Օռնշտեյնը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ներկա պահին «արքայական» ակումբին չի հաջողվում առաջընթաց գրանցել Վինիսիուսի հետ պայմանագրի երկարաձգման հարցում, որի գործողության ժամկետն ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Ընդ որում, մադրիդյան ակումբում չեն ցանկանում, որ 26-ամյա աստղն ապագայում հեռանա անվճար կարգավիճակով, ինչը կարող է արագացնել նրա վաճառքի գործընթացը։

Նախորդ մրցաշրջանում բրազիլացի հարձակվողը բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 53 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt հեղինակավոր պորտալի գնահատականներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային շուկայական արժեքը կազմում է 140 մլն եվրո։

  • Կիսվել: