Ծառուկյանը մոտ ապագայում տիտղոսային մենամարտ չի ստանա․ UFC-ի նախագահը
UFC 311 մրցաշարի շրջանակում թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից հրաժարվելուց հետո հետո UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարեց, որ խառը մենամարտերի մարտիկ Արման Ծառուկյանը մոտ ապագայում տիտղոսային մենամարտ չի ստանա, նա պետք է կրկին վաստակի չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու իրավունքը։
«Ես դեռ չգիտեմ, թե ինչ կլինի հետագայում Ծառուկյանի հետ։ Տիտղոսի մենամարտ մենք նրան չենք տա։ Նա դեռ պետք է սպասի։ Երբեմն մենք կորցնում ենք մեր հնարավորությունը։ Նա պետք է նորից վաստակի տիտղոսի մենամարտը»,- հայտարարել է Ուայթը մամուլի ասուլիսի ժամանակ։
Ի պատասխան այս գրառման՝ Ծառուկյանը հայտարարեց, որ պատրաստ է մենամարտել ցանկացած մրցակցի հետ՝ ապացուցելու իր հավակնությունների հիմնավորվածությունը UFC թեթև քաշային կարգում տիտղոսի համար։
«Համաձայն եմ Դանա Ուայթի հետ։ Մեջքս բուժելուց հետո պատրաստ կլինեմ ապացուցելու, որ ես իսկական առաջին համարի հավակնորդ եմ՝ մենամարտելով ցանկացածի հետ, ում նրանք կկանգնեցնեն իմ առջև»,- գրել է Ծառուկյանը X սոցիալական ցանցում։
MMA-ի իր կարիերայի ընթացքում Ծառուկյանը տարել է 22 հաղթանակ և կրել է երեք պարտություն։
Ավելի վաղ Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվել էր UFC 311 մրցաշարի շրջանակում թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևի դեմ մենամարտից։ Արմանին փոխարինեց բրազիլացի Ռենատո Մոյկանոն, ով զիջեց մրցակցին հենց առաջին ռաունդում։