Սպերցյանի խաղամակարդակը երկու տարի հետո կընկնի. ժամանակին ուզում էի կազմակերպել նրա տեղափոխությունն Իսպանիա. Սելյուկ
Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ և սաուդյան «Ալ-Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խաղը։ Իր մտքերով փորձագետը կիսվել է «Евро-Футбол» պարբերականին տված բացառիկ հարցազրույցում, գրում է armsport.am-ը:
«Սպերցյանը լավ ֆուտբոլիստ է։ Ժամանակին ես ցանկանում էի կազմակերպել նրա տեղափոխությունն Իսպանիայի առաջնություն, սակայն չստացվեց։ Նա նորմալ վիճակագրություն ունի։ Այժմ Էդուարդն իր ուժերի ծաղկման շրջանում է։ Ցավոք, երկու տարի հետո նրա խաղամակարդակը կընկնի։ Այդ ժամանակ արդեն պետք է հասկանալ՝ արդյոք արդարացվա՞ծ էին այդ տրանսֆերի համար վճարված գումարները։ Նրան հաջողություն եմ մաղթում։
Մալկոմը նույնպես Սաուդյան Արաբիայում գոլեր է խփում և փոխանցումներ կատարում։ Պատճառն այն է, որ նրանք հանդես են գալիս լիգայի առաջատար ակումբներում, որոնք հաղթում են առաջնության մնացած թիմերին»,- նշել է Սելյուկը։
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Սպերցյանը «Կրասնոդարից» տեղափոխվեց «Ալ-Ահլի»։ Սաուդյան ակումբի կազմում հայ կիսապաշտպանն անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։



