Շուշիի սամբոյի ակումբը նոր հասցե ունի
«Ադամյան» Սամբոյի ակումբը մինչ Արցախյան 44-օրյա պատերազմը իր գործունեությունը ծավալում էր բերդաքաղաք Շուշիում։
Պատերազմից հետո ԱՀ նախագահի անմիջական աջակցությամբ այն վերաբացվել է Ստեփանակերտում՝ Վարդան Մամիկոնյան 7/16 հասցեում, որպեսզի մարզիկները շարունակեն իրենց պարապմունքները։
«Արցախպրես»֊ի թղթակցի հաղորդմամբ՝ ակումբը 30 սան ունի՝ սկսած 6 տարեկանից. նրանց մեծ մասը ծնունդով Շուշիից են։ Սամբոյի ակումբի մարզիկ շուշեցի Կարեն Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց,որ իր ապագան տեսնում է միայն սպորտի ոլորտում։
«Առաջին անգամ այս մարզաձևով զբաղվել եմ 7-8 տարի առաջ, մեր Շուշիում։ Երկարատև մարզումներից հետո կարողացա հաջողություններ գրանցել։
Երկու անգամ դարձել եմ սամբոյի Հայաստանի երիտասարդների չեմպիոն, 2016թ.֊ին աշխարհի առաջնությունում 2-րդ մրցանակային տեղն եմ գրավել, 2019թ.-ին՝ Եվրոպայի սամբոյի առաջնության 2-րդ հորիզոնականը, երկու անգամ էլ դարձել եմ սամբոյի Հայաստանի չեմպիոն»,- ներկայացրել է Կ. Սարգսյանը։
Մարզիկն անկեղծացավ՝ նպատակ է դրել դառնալ Օլիմպիական խաղերի չեմպիոն։
«Սամբոյի ակումբի մարզիկների անունից շնորհակալություն եմ հայտնում մեր երկրի նախագահին, քանի որ մեզ հնարավորություն է տրվել իրագործելու մեր նպատակը, իսկ այն մեզ համար Արցախի Հանրապետության անունը բարձր պահելն է աշխարհի բոլոր երկրներում»,- ընդգծել է մեր զրուցակիցը։

