ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Իմ աշխատավարձը ՈՒԵՖԱ-ում 20.000 եվրո չէ, չեմ կարող հրապարակել՝ որքան է․ Արմեն Մելիքբեկյան

Իմ աշխատավարձը ՈՒԵՖԱ-ում 20.000 եվրո չէ, չեմ կարող հրապարակել՝ որքան է․ Արմեն Մելիքբեկյան

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընթացող մամուլի ասուլիսի ընթացքում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը լրագրողներին մեղադրեց ստելու մեջ: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց ՈՒՖԵԱ-ի Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնում ՀՖՖ նախագահի աշխատավարձի մասին: Արմեն Մելիքբեկյանին հարցը դուր չեկավ: Նրան նաեւ զայրացրեց իր հրաժարականի մասին բազմաթիվ հարցերը, որոնց այլեւս չցանկանկացավ անդրադառնալ:

«Իմ աշխատավարձը ՈՒԵՖԱ-ում 20.000 եվրո չէ, չեմ կարող հրապարակել, թե որքան է, կոնֆիդենցիալ է:  Որտեղի՞ց Ձեզ այդ տեղեկությունը: Ստում եք: Այն լրատվամիջոցները, որոնք այդ մասին գրում են, փաստարկված չի: Եթե դա ասում է Արթուր Սողոմոնյանը, սուտ է: Առհասարակ, Արթուր Սողոմոնյանի կողմից ասված յուրաքանչյուր խոսք, սուտ է եւ ոչ հիմնավոր: Նա չի կարող որեւէ ճիշտ խոսք ասել հայկական ֆուտբոլի մասին: Այս ամենը փոքրիկ մանիպուլյացիաներ են:

Ես արդեն խոսեցի եւ ներկայացրեցի իմ տեսակետը հրաժարականի մասով, այլեւս չեմ ցանկանում դրան անդրադառնալ: Նաեւ չեմ ցանկանում այլեւս խոսել Վրաստանի հետ խաղերի մասին: Ես ամեն օր մտածում եմ այդ երկու խաղերի եւ արդյունքների մասին»,- ասաց Արմեն Մելիքբեկյանը:

Հարցին, թե ինչով է ինքը «լավը» ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանից, որ իր թիմակիցները ստիպեցին հրաժարական տալ, Արմեն Մելիքբեկյանը հարցը շրջանցեց:

«Ես ոչ մի թիմից չեմ, ինձ որեւէ թիմի հետ չկապել: Երեւի լավ չեք տիրապետում իրավիճակին»,- պատասխանեց Արմեն Մելիքբեկյանը:

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը մանրամասնեց, որ ՀՖՖ նախկին նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականը քաղաքական իրադարձություն էր:

«Առաջին անգամ Հայաստանում քաղաքական գործիչները այլեւս որեւէ առնչություն չունեն ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Որքան էլ նրանք սիրեն ֆուտբոլը, ցանկանան աջակցել, բայց այսօր ֆեդերացիայում քաղաքական գործիչներ չկան: Արթուր Վանեցյանը հրաժարական չտվեց 1:9 հաշվով պարտության պատճառով, այլ դա քաղաքական իրավիճակ էր»,- մանրամասնեց Արմեն Նիկողոսյանը:

 

Ասուլիսի ընթացքում ՀՖՖ նախագահը խոսեց պայմանավորված խաղերի, ԲԿՄԱ-ի միջոցով բանակային ծառայությունից ազատելու մեղադրանքների, վերջին շրջանում շրջանառվող «Գանձասար» - ԲԿՄԱ հնարավոր պայմանավորված խաղի մասին: 

«ՀՖՖ-ն եղել է առաջին կառույցը, որը պայքարել է պայմանավորված խաղերի դեմ: «Գաննձասար» - ԲԿՄԱ խաղի մասով, եթե ստանանք փաստաթուղթ ՈՒԵՖԱ-ից, որը մեզ հնարավորություն կտա որակազրկել եւ քրեական գործ հարուցել, մեծ սիրով դա կանենք»,- նշեց Արմեն Մելիքբեկյանը:

  • Կիսվել: