ՀՖՖ նախագահը հայտնել է, թե երբ պարզ կլինի Հայաստանի ու Վրաստանի համատեղ հայտի վերաբերյալ որոշումը
Մինչև 20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի առաջնությունն անցկացնելու Հայաստանի և Վրաստանի ներկայացրած հայտի վերաբերյալ որոշումը պարզ կլինի մինչև ընթացիկ տարվա սեպտեմբեր։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
«Այս տարի մինչև սեպտեմբեր կլինի վերջանական որոշումը: Ես և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հանդիպել ենք ՈՒԵՖԱ-ի նախագահի հետ։ ՈՒԵՖԱ-ն աջակցում է Հայաստանի և Վրաստանի հայտին»,-ասաց Մելիքբեկյանը:
Վերջինիս խոսքով` հանդիպում է եղել նաև ՖԻՖԱ-ի համապատասխան գործընկերների հետ և կրկին դրական արձագանք է ստացվել:
«Մենք դեռևս չգիտենք, թե ով է լինելու մեր մրցակիցը աշխարհի առաջնությունը հյուրընկալելու պայքարում»,-ասաց նա:
Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով դիմել են ՖԻՖԱ` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար: ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին։