երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ:

Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ:

 

Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն ընդգծել է, որ սպորտը նախևառաջ համերաշխության, պատերազմների դադարեցման և ամենավեհ գաղափարերի իրագործան առաքելությունն ունի: «Այս օրը համերաշխության, միասնության, ազգամիջյան կապեր հաստատելու խորհուրդ է կրում: Շնորհակալություն եմ հայտնում մեր օլիմպիական չեմպիոններին, որոնք արժանապատվորեն են ներկայացրել Հայաստանը միջազգային հարթակներում։ Հուսով եմ՝ առաջիկա Օլիմպիական խաղերում մենք կունենանք նոր հաջողություններ և նոր չեմպիոններ»,- ասել է նա:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը ևս շնորհավորել է օրվա կապակցությամբ՝ նշելով, որ այն կոչված է նշանավորելու ոչ միայն մեր չեմպիոններին, այլև երեխաներին, որոնք դպրոցական դահլիճներից սկսած մինչև միջազգային ասպարեզ՝ զբաղվում են սպորտով. «ՀՖԿՍՊԻ-ում գործող Հայաստանի ազգային օլիմպիական ակադեմիայի միջոցով տարածում ենք օլիմպիական շարժման գաղափարներն ու սկզբունքները՝ խրախուսելով սպորտային ոգին և առողջ ապրելակերպը նոր սերնդի շրջանում»:

 

  • Կիսվել: