Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ հստակ ծրագրավորված արշավ է գնում. Արմեն Մելիքբեկյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի կարծիքով՝ ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ հստակ ծրագրավորված արշավ է գնում:
Արմեն Մելիքբեկյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Վերջին շրջանում հատկապես մենք տեսնում ենք, որ հրապարակվում են տարբեր նյութեր, որոնք բացարձակ կապ չունեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ու իմ գործունեության հետ: Դրանք կրում են պատվիրված բնույթ: Կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աթոռին: Իրենց նպատակին հասնելու համար նրանք չեն խորշում իրենց ամենաստոր նպատակներից: Օգտագործվում է մեծ մեդիա ռեսուրս, որն ընդհանուր առմամբ թյուրըմբռնում է առաջացնում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ հստակ ծրագրավորված արշավ է գնում»,-ասաց Մելիքբեկյանը:
Հայկական ֆան-ակումբները վերջին շրջանում բողոքի տարբեր գործողություններ են իրականացնում՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։ Նրանք պնդում են, որ ՀՖՖ ղեկավարությունը չի կարողացել իրագործել այն ծրագիրը, որը ներկայացրել են ընտրվելուց, ուստի կառույցի ղեկավարությունը պետք է հրաժարական տա։