Հավաքականի նախորդ պարտությունների համար պատասխանատու են բոլորը. Արմեն Մելիքբեկյան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի՝ վերջին շրջանում կրած պարտություններին:
«Վրաստանից կրած խոշոր հաշվով պարտությունները շատ ծանր պարտություններ են: Հատկապես, որ մենք նախորդ երկու տարիներին խոշոր հաշվով պարտություն չենք կրել: Բոլորը` ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը, բոլոր ֆուտբոլիստները, շատ ծանր են տանում այս պարտությունները»,-ասաց Մելիքբեկյանը:
ՀՖՖ նախագահի խոսքով` ՀՖՖ-ն փորձում է հետևություններ անել այդ պարտություններից և հասկանալ՝ որոնք են այդ պարտությունների պատճառները:
«Բոլորը մեղավոր են այս պարտությունների համար`ամբողջ թիմը, մարզիչները, ՀՖՖ-ն»,-ասաց նա:
Ազգերի լիգայի անցումային երկու խաղերում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընդհանուր 9:1 հաշվով զիջել էր Վրաստանի ընտրանուն: