ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Grand Swiss․ Արոնյանն առաջին պարտությունը կրեց մրցաշարում, Պետրոսյանն ու Սարգսյանը շարունակում են հետապնդել առաջատարներին

Grand Swiss․ Արոնյանն առաջին պարտությունը կրեց մրցաշարում, Պետրոսյանն ու Սարգսյանը շարունակում են հետապնդել առաջատարներին

Ռիգայում շարունակվում են շախմատի Grand Swiss տղամարդկանց և կանանց մրցաշարերը: Երեկ կայացել են 7-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարում մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Մանուէլ Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը՝ 4,5-ական միավոր, կիսում են 5-32-րդ տեղերը, և մեկ միավորով են զիջում մրցաշարի առաջատարին։ Երկու շախմատիստներն էլ այս տուրում ոչ-ոքի խաղացին։ Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ֆրանսիան ներկայացնող իրանցի գրոսմայստեր Ալիրեզա Ֆիրուջան, ով իր ակտիվում ունի 5,5 միավոր, փոխանցում է armsport-ը։

Այս մրցաշարում իր երկրորդ հաղթանակը տարավ Սամվել Տեր-Սահակյանը (4 միավոր)․ նույնքան միավոր ունի նաև Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ Լևոն Արոնյանը (3.5 միավոր) առաջին պարտությունը կրեց մրցաշարում:
Կանանց մրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Էլինա Դանիելյանը (2,5 միավոր) և Աննա Սարգսյանը (2.5 միավոր) կիսում են մրցաշարային աղյուսակի 39-44-րդ տեղերը։
Հիշեցնենք, որ առաջին երկու տեղ գրաված շախմատիստները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

  • Կիսվել: