ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանի թեստը դրական է, հնարավոր է՝ չմասնակցի աշխարհի առաջնությանը

Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանի թեստը դրական է, հնարավոր է՝ չմասնակցի աշխարհի առաջնությանը

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը հնարավոր է՝ չմասնակցի աշխարհի առաջնությանը:

Հայաստանից մեկնելիս Դավթյանի covid-19-ի թեստը եղել է բացասական, սակայն Ճապոնիա հասնելուն պես «Հանեդա» օդանավակայանում կրկին հանձնել են covid-19-ի թեստ, և այնտեղ Դավթյանի թեստը եղել է դրական, հաղորդում է ՀՄՖ-ի ֆեյսբուքյան էջը:

Դավթյանը չունի ոչ մի ախտանշան, և իրեն շատ լավ է զգում, նրան մեկուսացրել են Տոկիոյում: Այս պահին ՀՄՖ-ն և Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը բոլոր ջանքերը գործադրում են որպեսզի Դավթյանից ևս մեկ անգամ covid-19-ի թեստ վերցնեն, քանի որ Հայաստանի թիմում համարում են, որ այդ թեստի պատասխանը սխալ է, սակայն ճապոնական կողմը դեռ հրաժարվում է կրկին թեստավորել հայ մարզիկին:

Աշխարհի առաջնություն անցկացվելու է Կիտակյուշու քաղաքում հոկտեմբերի 18-24-ը: Հայաստանի հավաքականում են նաեւ Հարություն Մերդինյանը, Գագիկ Խաչիկյանը, մարզիչ Հայկ Նազարյանը, մրցավար Հակոբ Սերոբյանը:

Հիշեցնենք, որ սպորտային մարմնամարզության Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վահագն Դավթյան սեպտեմբերի 16-ից զբաղեցնում է նաեւ Երեւանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնը:

  • Կիսվել: