ԵԱ․ Սամվել Գրիգորյանը բրոնզե մեդալ չնվաճեց
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սամվել Գրիգորյանը բրոնզե մեդալ չնվաճեց։
82 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Գրիգորյանը մրցեց աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, վրացի Գելա Բոլկվաձեի հետ եւ պարտվեց 1:3 հաշվով։
Սամվել Գեւորգյանը մեկնարկային գոտեմարտում 1:3 հաշվով զիջել էր ադրբեջանցի Ղուրբան Ղուրբանովին, որը հասել էր եզրափակիչ։ Հայաստանի ներկայացուցիչը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն էր ստացել, որտեղ 4:2 առավելության էր հասել Եվրոպայի փոխչեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Ալիեւի նկատմամբ։
Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը մեկ ոսկե եւ մեկ արծաթե մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում:
4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը (77 կգ), փոխչեմպիոն է դարձել աշխարհի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը (63 կգ):
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չմասնակցեց բրոնզե մեդալի համար գոտեմարտին ճակատի վնասվածքի պատճառով։