շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Դանի Ալվեսը արդարացվել է

Դանի Ալվեսը արդարացվել է

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը, որը դատապարտվել էր չորսուկես տարվա ազատազրկման՝ բռնաբարության համար, շահել է կատալոնական դատարանի բողոքարկումը։ Այս մասին գրում է Marca-ն։

Կատալոնիայի Գերագույն դատարանի վերաքննիչ պալատը եզրակացրել է, որ աղջկա ցուցմունքը բավարար չէ Ալվեսի մեղքը հաստատելու համար, և տվյալ դեպքում գերակայում է անմեղության կանխավարկածը։

2024 թվականի փետրվարին 41-ամյա Ալվեսը դատապարտվել էր չորսուկես տարվա ազատազրկման՝ 2022 թվականի դեկտեմբերին գիշերային ակումբում կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար։ Ֆուտբոլիստը կալանավորվել էր 2023 թվականի հունվարին և 14 ամիս անցկացրել էր կալանքի տակ, նախքան գրավի դիմաց ազատ արձակվելը:

Մեղադրանքների հրապարակումից հետո Ալվեսի կինը լքել էր նրան, իսկ մեքսիկական «Պումաս» ակումբը, որի հետ նա պայմանագիր էր ստորագրել 2022 թվականի հուլիսին, խզել էր պայմանագիրը։

Դանի Ալվեսը ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր խաղացողներից մեկն է։ Նա իր կարիերայի ընթացքում նվաճել է 43 տիտղոս՝ հավաքականի և ակումբային մակարդակում։ 2023 թվականի օգոստոսին Մեսսին շրջանցել էր Ալվեսին՝ դառնալով պատմության մեջ ամենաշատ տիտղոսներ ունեցող ֆուտբոլիստը։

  • Կիսվել: