շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Բոլորը ցանկանում են՝ կրկնենք վրացիների նվաճումը կամ գոնե պայքարենք դրա համար․ Բերեզովսկի

Բոլորը ցանկանում են՝ կրկնենք վրացիների նվաճումը կամ գոնե պայքարենք դրա համար․ Բերեզովսկի

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ, այժմ ընտրանու դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին Известия-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է ազգային հավաքականի մասին, գրում է armsport.am-ը:  

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Խաղը կմեկնարկի 20։00-ին։ Խմբի մյուս խաղում Լատվիան կմրցի Ֆարերյան կղզիների հետ։ 
 

— Հայաստանը վերջին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում ուներ մեծ հնարավորություններ առաջին անգամ իր պատմության մեջ մասնակցելու խոշոր մրցաշարի: Ի՞նչի շնորհիվ տեղի ունեցավ այս առաջընթացը, և արդյո՞ք կան շանսեր պայքարել 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:

— Հիմա ընթացքի մեջ է Ազգերի լիգան։ Դեռ շանսեր կան, և մենք կշարունակենք աշխատել ու փորձել բարձրանալ առաջին հորիզոնական: Ինչ վերաբերում է առաջընթացին, ապա այն հիմնականում կապված է մեր թիմի առաջատարների հետ, ովքեր լավ են խաղում իրենց ակումբներում և նույն մակարդակի ֆուտբոլ են ցուցադրում հավաքականում:

Մեր գրեթե կես կազմի մասին շատ բան կարելի է ասել․ թե՛ Գեորգի Հարությունյանը «Կրասնոդարից», թե՛ Էդուարդ Սպերցյանը նույն թիմից, թե՛ Տիկնիզյանը, թե՛ Լուկաս Սելարայանը մեծ օգուտ են տալիս մեզ։ Վերջինս մեզ է միանում արդեն Սաուդյան Արաբիայից, այլ ոչ թե Ամերիկայից, ինչը նույնպես ավելի լավ է թիմի համար, քանի որ պակաս թռիչքների պատճառով նա ներկայում ավելի լավ է ցույց տալիս իր կարողությունները:

— Հայաստանում ժողովուրդն ավելի պահանջկո՞տ է դարձել հավաքականի նկատմամբ, երբ հարևան վրացիներն առաջին անգամ հայտնվեցին Եվրոպայի առաջնությունում և այնտեղ դուրս եկան խմբից:

— Անշուշտ, դա բոլորիս զգաստացրեց (ժպտում է): Այժմ բոլորը ցանկանում են, որ մենք կրկնենք այդ նվաճումը կամ գոնե պայքարենք դրա համար։

  • Կիսվել: