Աշխարհի գավաթ. Համլետ Մանուկյանը՝ կրկնակի ոսկե մեդալակիր
Երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը երկրորդ ոսկե մեդալը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության փուլերում, հայտնում է sport.news.am-ը:
Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Համլետ Մանուկյանը հավասարը չունեցավ նժույգ թափեր վարժությունում:
Եզրափակիչում երիտասարդ մարմնամարզիկը վաստակեց 14.700 միավոր:
Որակավորման փուլում Մանուկյանը հավաքել էր 14.400 միավոր:
Երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ Խորվաթիայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում:
Աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլի եզրափակիչ են դուրս եկել նաեւ Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը, Համաշխարհային Ունիվերսիադայի կրկնակի հաղթող Արթուր Ավետիսյանը: