կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
«Ժողովուրդ». «Հոնքը ուղղելու փոխարեն, աչքն են հանում»․ թաքուն քայլեր լրատվամիջոցների դեմ

«Ժողովուրդ». «Հոնքը ուղղելու փոխարեն, աչքն են հանում»․ թաքուն քայլեր լրատվամիջոցների դեմ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Քանի դեռ ողջ աշխարհը խառնված է կորոնավիրուսի դեմ պայքարի մեխանիզմների մշակմամբ ու կիրառմամբ, Հայաստանում թաքուն-թաքուն քայլեր են ձեռնարկվում լրատվամիջոցների դեմ:

Բուքմեյքերական ընկերությունների գովազդներն արգելելու մասին օրենքը դեռ չմարսած՝ այժմ էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության նախկին աշխատակից Արտակ Մանուկյանը հանդես է եկել մի օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է այժմ էլ արգելել վարկային կազմակերպությունների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ համացանցում:

Ինչպես հայտնի է, նախորդ տարվա նոյեմբերին խորհրդարանում քննարկումներ էին ծավալվել՝ բուքմեյքերական ընկերությունների գործունեության հետ կապված: Եվ նախագծի համահեղինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում էր, թե հեռուստատեսությունում եւ ռադիոյում բուքմեյքերական ընկերությունների գովազդները նպաստում են խաղամոլների թվի աճին:

Հիմա էլ նույնկերպ փորձ է արվում արգելել վարկային կազմակերպությունների գովազդը լրատվամիջոցներում: Այնպիսի տպավորություն է, որ ԱԺ-ում մրցավազք է, թե ով ինչպես կարող է լրատվամիջոցների գործունեությունը դժվարացնող, խոչընդոտող օրինագիծ բերել` այդպիսով աչքի ընկնելով:

Եվ շատ հաճախ այդ օրենքները «հոնքը ուղղելու փոխարեն, աչքն են հանում»: Ինչո՞ւ. նույնիսկ եփած հավին է պարզ, որ ինչպես բուքմեյքերական, այնպես էլ վարկային կազմակերպությունների գովազդի արգելքը լրատվամիջոցներով բացասական ազդեցություն կունենա ԶԼՄ-ների ֆինանսական վիճակի, հետեւաբար նաեւ գործունեության վրա:

Հիշեցնենք, որ բուքմեյքերական ընկերությունների պարագայում դիմադրությունն այնքան մեծ էր, որ, ի վերջո, թույլատրվեց 3 րոպե գովազդ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հեռարձակել, ինչպես նաեւ համացանցում, սակայն արտաքին գովազդների ծավալի կրճատմամբ: Հիմա նույն անտրամաբանական ճանապարհով է գնում նաեւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության նախկին աշխատակից Արտակ Մանուկյանը` առաջարկելով արգելել սպառողական վարկերի տրամադրման ցանկացած տեսակի գովազդ, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, բջջային կապի միջոցով եւ համացանցում:

Այսինքն՝ Մանուկյանը ոչ թե ձգտում է անբարեխիղճ վարկ տվողների դեմ պայքարել, քանի որ այնտեղ մեծ շահեր ու խոշոր ձկներ կան, որոնց դեմ պատգամավորն անկարող է, փոխարենը ընկել է լրատվամիջոցների հետեւից, ուզում է գովազդն արգելել: Սա տարակուսելի է այն պատճառով, որ, մի կողմից, իշխանությունն ասում է` մեզ անհրաժեշտ է ունենալ թափանցիկ ֆինանսավորվող ԶԼՄ-ներ, մյուս կողմից՝ ԶԼՄ-ների օրինական ֆինանսավորման աղբյուրները հերթով փակում են:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախագծի հեղինակ Արտակ Մանուկյանից պարզել՝ ինչ տրամաբանությամբ է նախագիծը ներկայացրել: Բազմազբաղ օրենսդիրը, սակայն, խուսափեց պատասխանել մեր հարցադրումներին՝ ասելով, թե նախագծում ամեն ինչ ասված է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: