հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
«Ժամանակ»․ Ո՞վ է Գագիկ Բեգլարյանի հետ կապված  հաղորդում տվել ԱԱԾ-ին

«Ժամանակ»․ Ո՞վ է Գագիկ Բեգլարյանի հետ կապված հաղորդում տվել ԱԱԾ-ին

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի նկատմամբ։ ԱԱԾ-ում քննվող քրգոծի շրջանակում Գագիկ Բեգլարյանը հետախուզվում է ՀՀ քր. օրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելն՝ առանձնապես խոշոր չափերով) և 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հատկանիշներով։ Նախաքննական մարմինը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, և դատարանը բավարարել է միջնորդությունն ու խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին կայքերից մեկը տեղեկություն հրապարակեց, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ։ Նույն տեղեկատվության համաձայն՝ «Վաղարշ և որդիներ» ընկերության հիմնադիր Վաղարշ Աբրահամյանը շինարարություն իրականացնելու համար խոշոր կաշառք է տվել նախկին քաղաքապետին։ Վաղարշ Աբրահամյանը, սակայն, «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ այս մեղադրանքները, որոնք առաջադրվել են Գագիկ Բեգլարյանին, կապված չեն իր գործի հետ, այլ նրա նախարար եղած ժամանակ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության հետ։ «Ես կարդացի առաջադրված մեղադրանքները, և եթե դուք էլ նայեք, ապա կտեսնեք, որ դա հյուսիս-հարավ ճանապարհի թալանն է։ Նրա նախարար աշխատած ժամանակահատվածի մասին է խոսքը։ Դա մեր հետ կապ չունի։ Բայց հետո չգիտեմ ինչպես կստացվի, մեր գործի հետ ինչ կլինի»։ «Պարոն Աբրահամյան, Գագիկ Բեգլարյանի հետ կապված Դո՞ւք եք հաղորդում տվել ազգային անվտանգության ծառայությանը, Դուք եք ասե՞լ, որ 75 հազար ԱՄՆ դոլար կաշառք եք տվել վերջինիս»։ «Ես չեմ տվել հաղորդումը, կարող եք քննիչից իմանալ այդ մանրամասները, հեռախոսով էլ չեմ ցանկանում նման թեմաներ քննարկել։ Կարող եք դիմել ու քննիչից իմանալ ով է դիմել, ինչ է ասել, ոնց է ստացվել ու ինչից է ստացվել»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: