ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավոր կսահմանվի 28.00

Ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավոր կսահմանվի 28.00

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարել։

Նախագծով առաջարկվում է սոցիալական աջակցության ոլորտի բարեփոխումների շրջանակներում տալ ընթացիկ միջանկյալ լուծում, այն մոտեցմամբ, որ ապահովվի սահուն անցում դեպի ամբողջական համակարգային փոփոխությունները, որոնք արդեն իսկ սկսված են:

Հաշվի առնելով աղքատության դեռևս բարձր մակարդակը, եկամուտների բաշխվածության անհավասարության բացասական դինամիկան, գործող ծրագրի ազդեցությունը աղքատության (առավելապես ծայրահեղ) մակարդակի վրա (աղքատության մակարդակը 2.6 տոկոսային կետով ավելի բարձր, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1 տոկոսի փոխարեն 3.6 տոկոս, կլիներ ընտանեկան և սոցիալական նպաստների բացակայության պայմաններում ) նախածով առաջարկվում է պահպանել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված նպաստառու ընտանիքների թվաքանակը և նպաստի չափ, այդ թվում երեխաներին տրվող հավելումները, անփոփոխ:

Այս նպատակին հասնելու համար առաջարկվում է 2020 թվականի համար ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը սահմանել 28.00: Կատարված վերլուծությունների տվյալների համաձայն նպաստի իրավունքը պահպանում են 11354 ընտանիք, նպաստառու են դառնում՝ 962 նոր ընտանիքներ:

Առաջարկված փոփոխության, ինչպես նաև 2019-ին իրականացված այլ փոփոխությունների՝ մասնավորապես սեզոնային աշխատանքի իրականացման պարագայում նպաստի համակարգից դուրս չմնալու, «Նպաստ+» ծրագրեր իրականացնելու հնարավորությունների պայմաններում կանխատեսվում է, որ տարվա ընթացքում ծրագրից օգտվող ընտանիքների թիվը կհասնի շուրջ՝ 98763-ի:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ 2019- 2020 թվականների ընթացքում բարձրացվել է նվազագույն կենսաթոշակի չափը, ինչպես նաև 2020 թվականից արդեն՝ միջին կենսաթոշակի չափը, նվազագույն աշխատավարձի չափը, հուլիսից՝ երեխաների ծննդօգնության գումարը կավելանա, ինչպես նաև 2 տարեկան երեխաներին տրվող խնամքի նպաստը:

«Այս եկամուտները, թեկուզ փոքր չափով, բայց ազդեցություն են ունենալու ընտանեկան նպաստի համակարգի վրա: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ սահմանային միավորի մեծությունը նույնը թողնելու դեպքում, նպաստի իրավունքը կկորցնի շուրջ 11 հազար ընտանիք՝ իրենց 45 հազար անդամներով: Ուստի, դա կանխելու նպատակով առաջարկվում է իջեցնել ընտանեկան և սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորը: Արդյուքնում 11 հազար մարդ կպահպանի նպաստի իրավունքը և, ըստ կանխատեսումների՝ համակարգ մուտք կգործի շուրջ 1000 ընտանիք»,-ասաց նա։ 

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սահմանային միավորն իջեցնելով, այդ ընտանիքներին տրվում է նպաստ ստանալու հնարավորություն. «Այսինքն՝ թոշակը մի քիչ ավելանում է, նրանց անապահովության միավորը նվազում է և նրանք նպաստի համակարգից դուրս են հայտնվում: Մենք հիմա, որպեսզի դա տեղի չունենա, նպաստի համար անհրաժեշտ միավորները իջեցնում ենք՝ 30-ից դարձնելով 28: Սրա արդյունքում ոչ միայն այդ 11 հազար ընտանիքն պահպանում է նպաստ ստանալու հնարավորությունը, այլ ևս 1000 ընտանիք է ընդգրկվում համակարգում: Ես կարծում եմ, որ սա շատ ճիշտ որոշում է: Մենք ընդհանուր առմամբ անընդհատ նպաստի գործող համակարգի նկատմամբ բացասական վերաբերմունք ենք ցուցաբերում, բայց նաև մեր նախանշվող բարեփոխումներից առաջ շատ կարևոր է, որ այս քայլերով, այս անցումային ժամանակաշրջանում հնարավորություն տանք, որպեսզի ոչ միայն նպաստառու ընտանիքները, այլև ընդլայնված ևս 1000 ընտանիք ադապտացիոն մի շրջան անցնեն»:

Սակայն, վարչապետի խոսքով, այդ ընտանիքները պետք է իմանան, որ նպաստով երբեք ոչ մի ընտանիք աղքատությունը չի հաղթահարելու: «Ձգտել շարունակել մնալ նպաստի համակարգում՝ նշանակում է ձգտել շարունակել մնալ աղքատ ընտանիքի կարգավիճակում: Եվ մենք ասում ենք, որ այն ընտանիքները, որոնց անդամները աշխատունակ են, նրանց համար աղքատությունը հաղթահարելու մեկ ճանապարհ կա՝ աշխատանքը, որի համար մենք պետք է ստեղծենք բոլոր՝ և՛ հարկային, և՛ վարկային, և՛ կրթական պայմանները: Այս համակարգի զարգացման արդյունքում, երբ աշխատունակ մարդիկ մեր աջակցությամբ սկսեն իրենց կարիքները հոգալ, սա մեզ հնարավորություն կտա, որ անաշխատունակ մեր հայրենակիցների սոցիալական կարիքներն ավելի արդյունավետ կարողանանք սպասարկել»,-ընդգծել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ այս որոշմամբ փաստորեն ապահովվում է անցնցում անցումային շրջանը:

  • Կիսվել: