չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Վրաստանի վարչապետը խիստ կարանտինային ռեժիմ է սահմանել Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում

Վրաստանի վարչապետը խիստ կարանտինային ռեժիմ է սահմանել Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության արտակարգ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով որոշում է կայացվել փակել Մառնեուլիի և Բոլնիսիի շրջանները՝ մունիցիպալիտետները կանցնեն կարանտինային ռեժիմի, գրում է aliq.ge-ն։

Վարչապետի խոսքով, սահմանափակվում է վերոնշյալ մունիցիպալիտետներ ելումուտը, փակվում են բոլոր օբյեկտները, հասանելի կլինեն միայն դեղատներն ու մթերային խանութները:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, Մառնեուլիից ու Բոլնիսիից կաշխատեն միայն տեղի լրատվամիջոցները, մնացածը տարածքում աշխատելու իրավունք չեն ունենա:

Կփակվի նաև «Ջեո հոսփիթալ» կլինիկան, որտեղ բուժվում էր  միջին տարիքի կինն, ում մոտ երեկ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ի դեպ, կնոջ վարակի աղբյուրի մասին չի խոսվում:

Վարչապետ Գախարիայի խոսքով, սա վիրուսի ներքին տարածում է, կինը մասնակցել է բազմամարդ սգո արարողության: Մասնագետներին մեջբերելով Գախարիան նշել է՝ կոնտակտների թիվը հասնում է 490-ի:

Ավելի ուշ Գիորգի Գախարիան հայտնել է, որ մոտակա 24 ժամվա ընթացքում Մառնեուլիում դաշտային հիվանդանոցը կբացվի:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Մառնեուլիում կորոնավիրուսի մեկ դեպք է հաստատվել և հայտնաբերվել է վարակակրի 86 կոնտակտ: Միջին տարիքի կինը բուժում էր ստանում Մառնեուլիի «Ջեո հոսփիթալ» կլինիկայում:

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ կորոնավիրուսով վարակվածը շաքարախտ ունի և կլինիկայում բուժվում էր թոքաբորբից:

Նշվում է, որ Վրատանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այս պահին անփոփոխ է՝ 54։

  • Կիսվել: