կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Վերապատրաստվել են Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության ծառայողները

Վերապատրաստվել են Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության ծառայողները

Փետրվարի 24-ից մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի և Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակներում Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության անձնակազմի համար կազմակերպվել և անց է կացվել «Առաջին բժշկական օգնություն տարբեր պաթոլոգիական իրավիճակներում և մարդկային մասունքների հետ վարվելաձևը» թեմայով վերապատրաստման դասընթաց:

Դասընթացի նպատակն էր ՓԾ աշխատակիցներին վերապատրաստել արտակարգ իրավիճակների ժամանակ արդյունավետ արձագանքման ուղղությամբ՝ հետագա մասնագիտական զարգացման և նպատակային գործունեության ապահովման համար:

Քննարկված թեմաների շրջանակներում կազմակերպվել են նաև լսարանային-գործնական պարապմունքներ, որոնք հնարավորություն են տվել մասնակիցներին ստացված տեսական գիտելիքները կիրառել գործնականում՝ հմտությունների զարգացման նպատակով: Մասնավորապես մասնակիցները պարապմունքների ընթացքում իրականացրել են սիրտ-թոքային վերակենդանացում, արտաքին արյունահոսության ժամանակավոր դադարեցում, ինչպես նաև տուժածների տարհանում և տարաբնույթ վնասվածքների դեպքում ինքնօգնության ցուցաբերում:

Երկու շաբաթ տևած դասընթացի ավարտին տեղի է ունեցել արդյունքների ամփոփում, որին ներկա է գտնվել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը: Վերջինս շնորհակալություն հայտնելով ռուս գործընկերներին՝ ընդգծել է երկու երկրների փրկարար ծառայությունների մասնագետների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը:

Ավարտին ակադեմիայի դասախոսները Փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության ավագ և կրտսեր բուժաշխատողներին հանձնել են որակավորման բարձրացման վկայականներ և փոքրիկ հուշանվերներ:

  • Կիսվել: