«Վեոլիա ջուր»-ն ու Մալաթիայի թաղապետարանը փողոցի փոսը վերացնելու խնդիրն իրար վրա են գցում. քաղաքացիներն ահազանգում են
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բազմիցս հայտարարել է այն մասին, որ իր հանձնարարականով եթե վարչական շրջաններում թե՛ «Վեոլիա ջուր»-ը, թե՛ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, թե վարչական շրջանների կոմունալ բաժնի աշխատակիցները ասֆալտ են փորում, իբրև թե խնդիրը լուծելու համար, ապա այդ խնդիրը վերացնելուց հետո 1-2 օրվա ըանթացքում պարտադիր պետք է ճանապարհը բերեն նախկին տեսքին, այն է՝ ասֆալտապատեն: Այս մասին գրում է Shamshyan.com-ը:
Մինչդեռ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Շահումյան 4-րդ փողոցում՝ ժողովրդին ավելի շատ հայտնի Ախպարաշենի սկզբնամասում 20 օր է՝ հսկայական փոսը պատուհաս է դարձել քաղաքացիների ու վարորդների համար:
Մի քանի քաղաքացի այսօր նշեցին. «20 օր առաջ էստեղից կեղտաջուր էր թափվում, հաստատ կոյուղուց դուրս եկած կեղտաջուր էր, «Վեոլիա ջրից» եկան, քանդեցին, մենք էլ մտածեցինք էդ ա, կսարքեն, ու խնդիրը կլուծվի, բայց պարզվեց՝ դրանք քանդոց բրիգադ են, եկանք, քանդեցին, գործը գլուխ չբերեցին ու հեռացան:
20 օր է՝ էս վիճակն է: Այդ 20 օրվա ընթացքում մի քանի անգամ ավտոմեքենաներ են ընկել մեջը, ուղղակի բախտներս բերել ա, որ զոհեր ու վիրավորներ չեն եղել, բայց դե պապն ամենա անգամ փլավ չի ուտում:
Զանգում ենք «Վեոլիա ջուր», ասում են, որ Մալաթիայի թաղապետարանի խնդիրն է, զանգում ենք Մալաթիայի թաղապետարան, իրենք էլ ասում են, թե մեր խնդիրը չի, «Վեոլիա ջրի» խնդիրն է:
Հիմա չգիտենք՝ էդ 2 կառույցներից որ մեկն է ստախոսը, որ մեզ մատների վրա խաղացնում է:
Ուզում ենք հավատալ, որ եթե այս խնդրի մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իմանա, 1-2 օրվա ընթացքում պորբլեմը կլուծեն, հակառակ դեպքում ստացվում է՝ մենք «Վեոլիա ջրին» ու Մալաթիայի թաղապետարանին ջրի ու կոմունալ կանոնավոր մուծումներն անում ենք, բայց փոխարենը այդ 2 կառույցները ասես ձեն ձենի տված լինեն ու արհամարհած ունեն բնակչին:
Ամոթն էլ լավ բան է. 21-րդ դարում՝ էս վիճակը, հետո էլ ասում եք, թե մենք ճանապարհ ենք բռնել դեպի եվրոպական ընտանիքին միանալու ուղին, ցանկացած եվրոպական երկրում եթե նման արհամարհական ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերվի քաղաքացու ու սպառողի նկատմամբ, ապա այդ կառույցների պատասխանատուներին հօդս կցնդեցնեին ու կպարտավորեցնեին, որ ժամերի ընթացքում թերությունը վերացնեն, մինչդեռ մեզ մոտ՝ Երևանում, որը եվրոպական շատ երկրներից դարեր առաջ է գոյություն ունեցել, բարձիթողի վիճակ է»: