Վարչապետը՝ վարակի տարածման սկզբից ևեթ մարդկանց չմեկուսացնելու և չվերթները չարգելելու մասին
ԱԺ պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու միանգամից չեն մեկուսացվել Իրանից եկած ՀՀ բոլոր քաղաքացիները:
«Դա ունի շատ կոնկրետ պատճառ: Մենք ամսի 20-ին գիտեինք, որ Իրանում համաճարակ է, շատ արագ սահմանի անցանելիությունը սահմանափակեցինք, բայց եթե փետրվարի 20-ից մինչև մարտի 15-ը Իրանից ՀՀ է ժամանել ՀՀ 3509 քաղաքացի, որոնք անցել են ստուգում, ջերմաչափում և այլն, եթե բոլորին մեկուսացնեինք, տասը հատ "Գոլդեն Փելիս" պետք կլինի, այսինքն՝ մենք այդքան քաղաքացիներին պիտի մեկուսացնեինք, մեկուսացման ռեսուրսը փակեինք, բայց հոսքը անընդհատ շարունակվում էր՝ եկան Իտալիայից, Ֆրանսիայից, և հնարավոր չէր բոլորին ու անընդհատ մեկուսացնել»,- ասաց Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու միանգամից չի արգելվել չվերթը Իտալիայից: Այս առնչությամբ վարչապետն ասաց. «Եթե Իրանի դեպքում էֆեկտիվ էր սահմանը միանգամից փակելը, Իրանից մարդը չէր կարող գնալ այլ տեղ, նոր գալ ՀՀ, Իտալիայի դեպքում մեքենայով կգնար Վիեննա, Փարիզ՝ երկու ժամվա ճանապարհ է, և մենք խնդիրը չէինք լուծի: Եթե ամսի 29-ին փակած լինեինք, նա Վիեննայից կգար, այլ տեղից կգար...»: