Հաշվառված անձանց օրենքով կպարտադրվի համապատասխան միջոցառումներ ձեռնարկել
13-ի մեծամասնությունը Էջմիածնի նշանդրեքի մասնակիցներն են: Այս մասին ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այս պահին վերջին տվյալներոով ՀՀ-ում հաստատված կորոնավիրուսի 13 դեպքերի մասին:
«Ես այսօր իմացա, որ հաշվառումից հետո Էջմիածնի մեր հայտնի հայրենակցուհու տուն այցելել են բժիշկները, նա հավաստիացրել է, թե ոչ մի բողոք չունի, որից հետո մի քանի անգամ զանգել են, դարձյալ հավաստիացրել են ինքն ու ամուսինը, որ պրոբլեմ չունեն, չեն գնացել ջերմաչափում անելու, կիսակոնֆլիկտային վիճակ է նույնիսկ եղել»,-ասաց վարչապետը:
Նա նշեց, որ այստեղ խնդիրն այն է, որ օրենքով ոչ մի լծակ չկա, որ պարտադրի հաշվառված մարդուն համապատասխան միջոցառումներ, ջերմաչափում անել:
«Հիմա հանձնարարել եմ, որ որոշակի իրավական լծակներ ձեռք բերվեն, որպեսզի նման դեպքերում, երբ անհրաժեշտ է, հնարավոր լինի պարտադրել»,-նշեց Փաշինյանը:
Վարչապետն ասաց նաև, որ այսօր ամենաթեժ կետն Էջմիածինն է, որն էլ պետք է պահել ուշադրության կենտրոնում, քանի որ այնտեղից մեկուսացվածների թիվը հասել է մոտավորապես հարյուրի: Այս պարագայում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հորդորեց խուսափել մասսայական միջոցառումներից: