չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Ուզում եմ հույս ունենալ՝ քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողի» ինստիտուտն ավելի ուժեղ չի կատարելագործվում. Անի Սամսոնյան

Ուզում եմ հույս ունենալ՝ քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողի» ինստիտուտն ավելի ուժեղ չի կատարելագործվում. Անի Սամսոնյան

«Ուզում եմ հույս ունենալ, որ քրեական ենթամշակույթի մասին օրենքի ընդունումից հետո քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողի» ինստիտուտը չի կատարելագործվում ավելի ուժեղ»,- այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Պատգամավորը հայտնեց, որ մի քանի օր առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից կալանավոր են տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, որին, ըստ իր տեղեկությունների, դանակահարել և ծեծել են քրեակատարողական հիմնարկում, և այս պատճառով է նաև, որ կալանավորը չի մասնակցել իր գործով դատական նիստին:

Նրա խոսքով՝ Արդարադատության նախարարությունից որևէ հիմնավոր պարզաբանում չի հնչել այս կապակցությամբ։ «Մենք գիտենք, որ իրավապահներն այս հարցով զբաղվում են, բայց իրավապահ համակարգից ևս պարզաբանումներ չեն հնչել»,- նշեց Անի Սամսոնյանը:

Ըստ պատգամավորի՝ հիմնական հիմնավորումն այն է, որ այդ կալանավորը խցում ընկել է։ «Թույլ տվեք դրան չհավատալ, քանի որ նույնիսկ լուրջ հիվանդությունների դեպքում պետք է հազար զանգ անենք, հազար միջոց գտնենք, որպեսզի կալանավորին կամ դատապարտյալին տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց: Ես այդ հիմնավորմանը չեմ հավատում։ Ուզում եմ հույս ունենալ, որ քրեական ենթամշակույթի մասին օրենքի ընդունումից հետո քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողի» ինստիտուտը չի կատարելագործվում ավելի ուժեղ, չի «ծաղկում», և արդարադատության նախարարը հստակ տիրապետում է, թե ինչ է կատարվում այս ոլորտում։ Հույս ունեմ, որ արդադատության նախարարը կտա այնպիսի հիմնավոր պարզաբանումներ, որ ես կհասկանամ՝ քրեակատարողական հիմնարկներում կա պայքար կոռուպցիայի, հովանավորչության և «զոն նայողի» ինստիտուտի դեմ»,- ասաց Անի Սամսոնյանը:

  • Կիսվել: