Ուղղակի վատ խաղեր են խաղում, նպատակ կա 25 համարը դուրս հանել երթուղուց. պռոշյանցի
Որոշումը, որ Երեւանի տրանսպորտը պետք է հետ քաշվի եւ սպասարկի միայն մայրաքաղաքին, իսկ մարզերին պետք է սպասարկեն մարզային տրանսպորտային միջոցները, ընդունվել է դեռեւս 2006 թվականին, սակայն միայն այս տարի որոշեցին դա կյանքի կոչել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Պռոշյան համայնքի բնակիչ Մարիամ Պետրոսյանը, ով եւս մասնակցում է բողոքի ակցիային:
Նշենք, որ Պռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչները փակել են Երեւան մտնող մայրուղին եւ պահանջում են գծից չհանել թիվ 25 և թիվ 59 երթուղու ավտոբուսները, որոնք այս երկու գյուղերը կապում են Երեւանին:
«2021 թվին նոր մրցույթ է անցկացվել և հետաքրքիրն այն է, որ մրցույթի մասնակից մի ընկերություն է եղել՝ «Մուլտիտրանսը», որը հաղթել է և միայն 4 տարի հետո որոշել են միկրոավտոբուսները դուրս բերել երթուղի։
Երբ հանդիպում եղավ կառավարության ներկայացուցիչների հետ, ես ասացի՝ եթե 2006 թվին ընդունված օրենքը գործողության մեջ են դնում 2021 թվականին մրցույթ անցկացնելով, իսկ առավել ևս 2025 թվին նոր որոշում են, որ տրանսպորտային միջոցը երթուղի պիտի դուրս գա: Եթե կարելի էր 19 նույնիսկ 24 տարի հետաձգել այդ օրենքի գործադրումը, ինձ թվում է՝ կարելի է նաև ընդհանրապես գործողության մեջ չդնել այդ օրենքը կամ էլի հետաձգել:
Թիվ 277 երթուղին միայնակ է մասնակցել ու շահել մրցույթը՝ 250 դրամ ուղեվարձով: Ընդ որում երթուղին մոտավորապես երեք անգամ պակաս է 25 համարի երթուղու ճանապարհից։ Մոտավորապես 32 կմ ճանապարհ գնում է 25 համարը, 150 դրամով, իսկ 277-ը շահել է 250 դրամով և պիտի հասնի մինչև Հանրապետական հիվանդանոց ֆիզիկայի ինստիտուտի խաչմերուկ։ Ուղղակի այստեղ տրամաբանություն չկա:
Պռոշյանում ընտանիքներ կան, որ մի ընտանիքից 4-5 հոգի գնում-գալիս են Երևան, գումարեք ուղեվարձի տարբերությունը և տեսեք, այդ մարդիկ այդ բեռն ինչպես են տանելու:
Մեզ ասացին, որ 25 համարը առնվազն Պրոշյան կմտնի, կհասնի մինչև գլխավոր մուտք: Ես պահանջել էի, որ քանի որ Երևանի սահմանագիծը GPS քարտեզ կոչվածով անցնում է ՊՆ-ի նախկին շենքի դիմացով, ասացի՝ թող Երևանից Երևան սպասարկեն և երբ բավարարեցին մեր այդ առաջարկ-պահանջը, ես հետո էլ ասացի՝ նույնիսկ կարող է գալ հասնել Պռոշյանի կենտրոնական մուտքի մոտ բայց փաստացի վատ խաղեր են խաղում ինձ թվում է՝ արդյունքում նպատակ կա 25 համարը ընդհանրապես դուրս մղել երթուղուց»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ բողոքի ակցիաները սկիզբ էին առել դեռ ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։