Թե՛ ինտերնետի, թե՛ բջջային ծառայությունների տեսանկյունից որևէ խնդիր չունենք. նախարար
Արտակարգ դրության ընթացքում հեռահաղորդակցության ոլորտում որևէ խնդիր չենք ունենա: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Այսօր հանդիպում ենք ունեցել հեռահաղորդակցության ոլորտի մեծ ընկերությունների հետ և հավաստիացել ենք, որ տեխնիկական սպասարկման, ինչպես նաև հեռահաղորդակցության ապահովման՝ թե՛ ինտերնետի, թե՛ բջջային ծառայությունների տեսանկյունից մենք որևէ խնդիր չունենք: Այն խոցելի տեխնիկական օղակները, որոնցում հնարավոր են որոշակի ռիսկեր, ամբողջությամբ բացահայտված են, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի մասնագետների փոխարինելիություն ապահովվի»:
Արշակյանը վստահեցրեց, որ ռադիո և հեռուստահաղորդումների տարածման տեսանկյունից ևս որևէ խնդր չի լինի. ոլորտի բոլոր ռիսկերը կառավարելի են:
Ինչ վերաբերում է սպասարկման կենտրոններին՝ նախարարը նշեց, թե որոշակի սահմանափակումներ կան՝ հաշվի առնելով թե՛ բնակիչների, թե՛ աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի տարածմանը չնպաստելը: Նա հավելեց նաև, որ որոշ կենտրոնական հատվածներում սպասարկող գրասենյակներ կան: Իսկ վճարումների վերաբերյալ ասաց, որ բջջային բոլոր օպերատորներն ունեն առցանց վճարման հնարավորություններ:
Արշակյանն անդրադարձավ նաևփոստային բաժանմունքների աշխատանքին և ասաց, որ աշխատանքի ընդհատումներ կամ խափանումներ չեն լինի, բաժանմունքները կգործեն ըստ իրավիճակների: «Բաժանմունքում գտնվողների թիվը սահմանափակվելու է, կատարվելու է ախտահանում: Այն դեպքերում, երբ անհրաժեշտ կլինի կոնսաթոշակներն ու սոցիալական վճարները հասցնել բնակիչներին, կհասցվեն տներ»,-ասաց նա:
Նախարարը քաղաքացիներին կոչ արեց օգտվել առցանց վճարման համակարգերից: