Սուպերմարկետներում գործատուները ձևական բնույթ կրող դիմակներ են տալիս աշխատակիցներին. ԱԱՏՄ ղեկավար
Առողջապահության աշխատանքի տեսչական մարմինը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մշտադիտարկումներ է իրականացրել համայնքային և տեղական ինքնակառավարման մարմիններում, որի արդյունքում որոշ խախտումներ են հայտնաբերել։ Այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը։
Մասնավորապես, ըստ նրա, եղել են հետևյալ խախտումները՝ առկա չեն եղել հատուկ պաշտպանիչ միջոցներ, աշխատակիցները չեն կրել դիմակ և ձեռնոց։ «Նրանց հանձնարարվել է արագ վերացնել դրանք, որպեսզի չդադարի իրենց գործունեությունը»,- ասաց Հ.Ավագյանը։
Նա նաև նշեց, որ մշտադիտարկումների արդյունքում խախտումներ են հայտնաբերել որոշ սուպերմարկետներում։
«Մեր մշտադիտարկումներ իրականացնելու ժամանակ սուպերմարկետներում գործատուները ձևական բնույթ կրող դիմակներ են տալիս աշխատակիցներին, ինչին մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում։ Մենք զբաղվում ենք նաև աշխատողների շահերի պաշտպանության վերահսկողությամբ և, կարող եմ վստահ ասել, որ նմանատիպ դիմակներով աշխատողը չի կարող անգամ մեկ ժամ հանգիստ շնչել։ Դեպքեր են լինում, երբ 8 ժամ մեկ աշխատակիցը նույն ձևական բնույթ կրող դիմակով է լինում»,- ասաց Հակոբ Ավագյանը։


