ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Սոլո» ակումբում տեղի ունեցած վիճաբանությունը շարունակվել է շենքի հետնամասում

«Սոլո» ակումբում տեղի ունեցած վիճաբանությունը շարունակվել է շենքի հետնամասում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Խանջյան փողոցի 13 հասցեում գործող «Սոլո» ակումբի մոտ վիճաբանություն է տեղի ունենում: Քիչ անց կրկին ահազանգ է ստացվել, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ծառայության ընթացքում Խանջյան 13 հասցեի հետնամասում գտնվող այգում նկատել են մի խումբ անձանց, ովքեր դանակով հարվածել են մի քաղաքացու ոտքին և դիմել  փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 06։05-ի սահմաններում կրկին տեղեկություն է ստացվել, որ «ազդրի բաց վերք ախտորոշմամբ» շտապօգնության խումբը «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 23-ամյա Արամ Վ․-ն է, ինչպես նաև պարզել են, որ ժամը 05։00-ի սահմաններում «Սոլո» ակումբի ներսում Արամ Վ․-ն և Երևանի բնակիչ 19-ամյա Գևորգ Ա․-ն վիճաբանել են Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Արմենակ Հ․-ի հետ, որից հետո դուրս գալով ակումբից տևական ժամանակ միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, այդ կերպ խախտելով հասարակական կարգը, որի ժամանակ Արամ Վ․-ն ստացել է մարմնական վնասվածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նույն օրը ժամը 06։15-ի սահմաններում Խանջյան 13 հասցեի մոտից Գևորգ Ա․-ն և Արմենակ Հ․-ն խուլիգանություն կատարելու և մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

  • Կիսվել: